Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից Hayastan.news-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է թշնամին կարողանում անարգել մտնել մեր սուվերեն տարածք և մարդասպանություն գործել։ Հարցին, թե ո՞ւր են հասել Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցում, Սանոսյանն ասաց․ «Սյունիքում արվող աշխատանքները, պետք է ուրախությամբ փաստել, որ թեև մեր պլանները բարդ էին ու շատ, բայց մեզ հաջողվում է աշխատանքները առաջ տանել, բազմաթիվ ծրագրեր Սյունիքում առաջ են գնում, բայց մենք դրանով չենք բավարարվում՝ նոր պլաններ կան, նոր ծրագրեր կան։ Նույն Տեղ գյուղից դեպի Կոռնիձոր գնացող ճանապարհը, որը բավական անիրատեսական էր թվում՝ այդ ժամկետներում կառուցել, ի պատիվ բոլորիս, հատկապես՝ մեր շինարարների, կարողացանք ավարտել»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմից առաջ ասում էր, թե Տեղ գյուղից այն կողմ Արցախն է, ոչ թե Ադրբեջանը, հիմա, ստացվում է, Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է, ինչին ի պատասխան՝ Սանոսյանն ասաց․ «Հիմա մենք ունենք հետպատերազմյան իրավիճակ, որոշակի դիրքերի դասավորություն, և մենք ունենք սահման։ Մենք կառուցել ենք ճանապարհը այնտեղ, որտեղից պետք է կառուցենք։ Կա սահմանի որոշակի նախնական տարբերակ, որով ենթադրյալ կանգնած են երկու կողմի կառույցները, մինչև կլինի դեմարկացիա և վերջնական ճշգրտում»։
Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, Գնել Սանոսյանն ասաց․ «Իհարկե, կա մտադրություն՝ վերականգնելու մեր տարածքային ամբողջականությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ