Գերմանիայից եկած ահազանգը (փախստականի կարգավիճակ ստանալու համար Գերմանիայի Միգրացիոն ծառայությունը իրենց ծննդավայրը «Հայաստան, Ադրբեջան է» գրվում) ստանալուց հետ ABC media-ն հարցում է ուղարկել Արտաքին գործերի նախարարությանը։ Գերատեսչությանը ներկայացրել են փոխանցված փաստաթուղթն ու պարզաբանում պահանջել։ Հարցմանն ի պատասխան նախարարությունը նշել է․
«Ներկայացված փաստաթուղթը նախնական գնահատմամբ հանդիսանում է ԳԴՀ միգրացիայի եւ փախստականների դաշնային գրասենյակի կողմից քննվող՝ ապաստան հայցող անձի հարցազրույցի (լսումների) արձանագրություն, որի միայն առաջին էջն է ներկայացված, հետեւաբար, ոչ ամբողջական տեղեկատվության պատճառով հնարավոր չէ պարզել տվյալ անձի հնարավոր առնչությունն այլ պետության հետ: Հարկ է նշել, որ ապաստան հայցելու գործընթացի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են պահվում անձի քաղաքացիության (ծագման) երկրից:
Միջազգային պրակտիկայի համաձայն, ապաստան հայցող անձի գործում (տվյալներում) իր քաղաքացիության (ծագման) երկրից բացի այլ երկիր կարող է նշվել այն դեպքում, երբ վերջինս իր ապաստանի հայցում նշել է այլ պետության հետ կապված տվյալներ կամ ներկայացրել է այլ պետության հետ կապված փաստաթղթեր։ Հետեւաբար, յուրաքանչյուր գործի պարագայում, նախեւառաջ տվյալ քաղաքացին կարող է պատասխանել այն հարցին, թե ինքն ապաստան հայցելիս ինչ է պատմել այդ երկրի իրավասու մարմիններին իր մասին և ինչ պատճառաբանություններ (վախեր) ներկայացրել Հայաստանի Հանրապետություն չվերադառնալու եւ այդ երկրում ապաստան ստանալու վերաբերյալ:
Տեղեկացնում ենք նաեւ, որ հիմնականում ապաստան հայցող քաղաքացիները հայցը ներկայացնելիս հանդես չեն գալիս իրենց ՀՀ քաղաքացու անձնագրով եւ ստանում են ժամանակավոր կացության թույլտվություն, որտեղ գրանցվում են անձի կողմից բանավոր հայտնած տվյալները, այդ թվում՝ քաղաքացիությունը եւ ծննդյան վայրը, որոնք հաճախ խեղաթյուրվում են՝ ելնելով ապաստան ստանալու նպատակից եւ ծագման երկիր չվերադարձվելու մտավախությունից»,- ասվում է պաշտոնական պատասխանում։