Հետևեք մեզ։

Հեղինակային իրավունքի մասին օրենքում պետք է ավելի կոշտ ձևակերպում լինի և գրագողության համար տուգանքային ձևով պատիժ նշանակվի․ Արփինե Հովհաննիսյան

19:06, 22 ապրիլ 2023
Հեղինակային իրավունքի մասին օրենքում պետք է ավելի կոշտ ձևակերպում լինի և գրագողության համար տուգանքային ձևով պատիժ նշանակվի․ Արփինե Հովհաննիսյան

   Արդարադատության նախկին նախարար, ի․գ․թ․ դոցենտ Արփինե Հովհաննիսյանը երեկ «Հեղինակային իրավունքի պաշտպանությունը զանգվածային լրատվության միջոցներում» թեմայով սեմինար-քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր անձինք։ Մոտ երկու ժամ տևած քննարկման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում հեղինակային իրավունքը, ինչն է համարվում հեղինակային իրավունքի օբյեկտ, ինչպես է կարգավորվում անձի հեղինակային իրավունքների պաշտպանությունն օրենքով, միջազգային փորձից օրինակներ բերեց, ինչպես նաև խոսեց 2013 թվականին իր հեղինակությամբ խմբագրված հեղինակային իրավունքի մասին օրենքից, որը լրագրողական կազմակերպությունների խնդրանքով է փոփոխության ենթարկվել՝ պարտադրվելով լրատվամիջոցներին միմյանց հոդվածներն արտատպելիս պարտադիր պատշաճ հղում տալ աղբյուրին և նյութն արտատպել միայն նպատական արդարացնող ծավալով՝ չբացահայտելով բովանդակության էական մասը։ Անդրադարձավ նաև օրենքի կիրարկմանը և օրենքը չպահպանելու պրակտիկ խնդիրներին ԶԼՄ-ների կողմից։ Սեմինարից հետո նա պատասխանեց Hayastan.news-ի հարցերին։

 

-Տիկին Հովհաննիսյան, ինչո՞ւ էիք հիշել հեղինակային իրավունքի թեման, արդյո՞ք օրենքի փոփոխությունից ուղիղ տասը տարի անց նոր մարտահրավերներ են ի հայտ եկել այս ոլորտում։

 

-Սեմինարի որոշումը իմը չէր, ոչ էլ թեմայի առաջարկն էր իմը, «Մտավոր սեփականության հայ իրավաբանների ասոցացիայի» կողմից հրավեր եմ ստացել՝ մտավոր սեփականության իրավունքին առնչվող այդ սպեցիֆիկ ոլորտի վերաբերյալ ունենալ դասախոսություն բոլոր հետաքրքրվածների համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես, այդուհանդերձ, որոշակի բացառիկ հանգամանքների և տեղեկատվության կրող ու տիրապետող եմ այն պարզ պատճառով, որ ժամանակին օրենսդրական համապատասխան փոփոխությունները ես եմ հեղինակել և նախաձեռնությամբ հանդես եկել։ Այդ իսկ պատճառով սիրով ընդունեցի հրավերը՝ փորձելով նաև օրենքի ընդունումից տասը տարի անց ամփոփել օրենքի ընդունման պահին առկա իրավիճակը՝ ինչ տվեց օրենքը և ինչպիսի պրոբլեմներ առաջ բերեց։

 

-Իսկ հիմա՝ տասը տարի անց, ի՞նչ խնդիրներ ունենք, և ի՞նչ տվեց օրենքի ընդունումը։

 

-Թե ինչ օգուտ տվեց օրենքի ընդունումը, թերևս ավելի ճիշտ կդատեն լրագրողները, ես ընդամենը կարող եմ ասել՝ ֆորմալ տեսանկյունից պահպանվում է բացառապես էլեկտրոնային լրատվամիջոցներում ակտիվ հղումի պահանջը։ Բայց եթե օրենքի նպատակը այն էր, իսկ նպատակը, իրականում, դա էր, որ պետք է նվազեցներ ավելի շատ հեղինակային իրավունքի խախտումները, կարծում եմ՝ այդ մասով շատ հաջողություններ չեն արձանագրված, որն ունի իր պատճառները։ Պատճառներից մեկն այն է, որ լրագրողներն այդքան էլ հոժարակամ չեն՝ դիմելու դատարան, իսկ դատական  կարգով գործերի բացակայությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ հարցը սկսում է նորից կարգավորվել բացառապես էթիկական կարգավորումների դաշտում։ Այստեղ խնդիր կա նաև օրենքի մեջ, օրենքում պետք է, կարծում եմ, ավելի հստակ և կոշտ ձևակերպում լինի և գրագողության համար ուղղակի տուգանքային ձևով պատիժ նշանակվի, քան թե դատարանով վնասի ապացուցման հարց առաջանա։ Այստեղ վնասի ապացուցման հարցն է և դատական պրոցեսների երկարությունը, որ կարող են ավելի դժկամ դարձնել լրագրողներին պաշտպանության առումով։

 

-Կարո՞ղ ենք ասել, որ որոշակի մշակույթ, ամեն դեպքում, ձևավորվեց լրատվամիջոցների մոտ հղում տալու առումով, պարզապես նպատակն արդարացնող ծավալով չեն ցիտում։

 

-Այո, իրավացի եք, Դուք էլ՝ որպես լրագրող, կարող եք Ձեր եզրահանգումը և գնահատականը հնչեցնել։ Այո, պատշաճ հղումի մասով, կարծես թե, վիճակը բարվոք է, բայց նպատակն արդարանցող ծավալի մասով կանոնը շարունակում է համատարած խախտվել, եթե, իհարկե, չկա համաձայնություն բոլոր նրանց միջև, որոնք, այսպես ասած, մեջբերվողն ու մեջբերում անողն են։ Եթե դա թերթերն ու կայքերն են, կարծում եմ՝ այստեղ առավելապես գործում է բանավոր կամ գրավոր համաձայնություն՝ ֆինանսական որոշակի բաղադրիչով։ Եթե ոչ, ապա շարունակում է դաշտը մնալ չկարգավորված։ Կարծում եմ՝ միայն այն հանգամանքը, որ բազմաթիվ են լրագրողների բողոքները իրենց նյութերը վերցնելու, գողանալու առումով, ապա այնպես չէ, որ բոլոր դեպքերում կա այդ համաձայնությունը միմյանց միջև։

 

-Կարիք կա՞ վերանայելու օրենքը, հատկապես նպատակն արդարացնելու ծավալի մասով, որն այս պահին, փաստացի, չի գործում։

 

-Եզրույթի մասով՝ ոչ։ Պատճառը դա չէ, որ չի գործում, պատճառը հետևանքի վրա հասնելու մեխանիզմն է։

 

-Իսկ օրենքի դիսպոզիցիան բարելավելու անհրաժեշտություն կա՞ այսօր։

 

-Չեմ կարծում։ Կարելի է, իհարկե, լրագրողների հետ քննարկել, թույլ տվեք վերջնական կարծիք չհնչեցնել, բայց կարծում եմ՝ այս պահին դա բավարարում է։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ