Հետևեք մեզ։

Ենթադրենք, թե հենց հիմա մանդատները դրեցինք ու հեռացանք, ի՞նչ է առաջանալու, ՔՊ-ն դառնա բացարձակ սանձարձա՞կ․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)

20:41, 22 ապրիլ 2023

 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ամբողջությամբ հասկանում է այն քաղաքացիներին, որոնք ակնկալիքներ ունեն ընդդիմությունից և այդ ակնկալիքներով իրենց պատվիրակել են գնալ խորհրդարան 2021 թվականին։ Բայց նա չի կարող ասել, որ Թագուհի Թովմասյանի՝ նախօրեին արած ակցիան, մեկ հարց տալը կամ մեկ այլ գործողությունը կոնկրետ արդյունքի կարող է բերել։

 

«Դա պետք է համալիր միջոցառումների խումբ լինի, այսինքն՝ դա պետք է հստակ համակարգում ունենա։ Ես կարծում եմ՝ մենք բավականին լուրջ վերանայումների հարց ունենք նաև, և խոսքը ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլ ընդհանրապես ընդդիմությանն է վերաբերում։ Ավելի լայն ճակատով հանդես գալու հնարավորության մասին մենք պետք է խոսենք, որովհետև ակնհայտ է, որ այս իշխանություններին հեռացնելու համար միայն խորհրդարանական մանդատը կամ միայն խորհրդարանական գործունեությունը բավարար չէ»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Աննա Գրիգորյանը։

 

Դիտարկմանը, թե իրենց խմբակցության որոշ պատգամավորներ վերջին մեկ տարում մանդատը դրեցին ու հեռացան, քանի որ այլևս անիմաստ էին համարում այս խրամատում պայքարելը, Գրիգորյանն ասաց․ «Ես հարգանքով եմ վերաբերում  իմ նախկին գործընկերների որոշումներին, որովհետև նրանք ունեն հստակ փաստարկներ։ Բայց, կրկնում եմ, որ այս իշխանությունների հեռացումը զուտ փողոցային պայքարով հնարավոր չէ, և զուտ խորհրդարանական պայքարով հնարավոր չէ․ պետք է համատեղել ուժերը։ Այդ հարցը հաճախ է, չէ՞, հնչում՝ ինչո՞ւ մանդատները չեք դնում։ Ենթադրենք, թե հենց հիմա մանդատները դրեցինք ու հեռացանք, ի՞նչ է առաջանալու։ Այսինքն՝ լրիվ թողնում ենք, որ այս ՔՊ-ական իշխանությունը դառնա բացարձակ սանձարձա՞կ։ Եթե այս պահին ինձ որևէ խելամիտ բացատրություն լինի, որ մանդատը վայր դնելով ու դուրս գալով մենք կարողանալու ենք փոփոխության բերել, հենց վաղը, հենց այսօր դա անենք»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ