«Հայաստանի ավիացիայի ոլորտից ավելի շատ բացասական պատմություններ գիտենք, քան դրական, եւ ժամանակն է եկել այդ շղթան կտրել»,- 2022 թ. հունիսի 10-ին «Ֆլայ Արնա» ավիաընկերության մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: Սրանից 649 օր անց՝ 2024 թ. մարտի 20-ին, վարչապետը ԱԺ-ում հայտարարեց. «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է… Մենք, ցավոք, այդ նախագիծը շարունակելու մասին մտածելու լավատեսական ոչ մի հիմք չունենք»:
Էկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան վարչապետին ուղղված «Հետք»-ի հարցերի, ոչ միայն չի կարողացել հստակ ապացույցներ ներկայացնել առ այն, որ «Ֆլայ Արնա» ավիաընկերության փակվելու պատճառը մրցակցությունը պարտվելն է, ինչպես հայտարարել էր Փաշինյանը ԱԺ-ում, այլեւ տվել է այնպիսի պատասխաններ, որոնցից հստակ է՝ ավիափոխադրողի հայկական ու արաբական հիմնադիրների միջեւ հակասություններ են ծագել, ինչն էլ հանգեցրել է համատեղ նախագծի դադարեցմանը:
«Հետքը» զրուցել է նաեւ «Ֆլայ Արնայի» 2 նախկին աշխատակիցների հետ, որոնք այս գարնանն իրենց մյուս գործընկերների հետ ազատվել են աշխատանքից․
«Ըստ զրուցակիցների, այն մասին, որ ավիափոխադրողի գործերը լավ չեն, իրենք առաջին անգամ իմացել են 2023 թ. նոյեմբերին, երբ «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսն աշխատակիցների շրջանում հայտարարել է ավիատոմսերի վաճառքը դադարեցնելու մասին: Նախկին աշխատակիցների կարծիքով՝ սա ինչ-որ ուղերձ էր ՀՀ կառավարությանը «Ֆլայ Արնան» կառավարող «Air Arabia» ընկերության կողմից, որի ներկայացուցիչն էր Փրայսը («Air Arabia»-ն նաեւ հայկական օպերատորի 49 %-ի փաստացի սեփականատերն է):
Հիշեցնենք, որ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ «Ֆլայ Արնա») հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությանը փոխկապակցված «International Business Company (FZE)»-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:
2021-2023 թթ. «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը մոտ 4,8 մլրդ դրամ էր, իսկ 2023-ի հոկտեմբերին բաժնետերերն այն դարձրին շուրջ 6,8 մլրդ դրամ:
Փրայսի՝ տոմսերի վաճառքը դադարեցնելու հայտարարությունից կարճ ժամանակ անց «Ժողովուրդ» թերթը գրեց, որ «Ֆլայ Արնայի» թռիչքներն առաջիկայում դադարեցվելու են, քանի որ այն կազմակերպչական ու ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Դեկտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին փոխանցեց, որ ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի, եւ կարծիք հայտնեց, որ լուծումներ կտրվեն: Իր հերթին «Ֆլայ Արնայի» հայկական բաժնետեր ԱՆԻՖ-ը դեկտեմբերի 4-ին հայտարարեց, թե ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։
Դեկտեմբերի 25-ին ավիաընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը որոշեց եւս 2 մլրդ դրամ ներդնել, ինչից հետո ավիափոխադրողի կանոնադրական կապիտալը դարձավ 8,8 մլրդ դրամ: Այս ֆոնին, ինչպես պատմում են նախկին աշխատակիցները, «Ֆլայ Արնայի» տոմսերի վաճառքը վերսկսվեց շատ կարճ ժամանակահատվածի համար (օրինակ՝ մարտ ամսվա տոմս հնարավոր չէր ձեռք բերել), իսկ արդեն հունվարին վաճառքը փակվեց վերջնականապես:
«Հետքը» «Ֆլայ Արնայի» շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մի շարք հարցեր էր ուղղել «Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալիին, որը ոչ միայն արաբական ընկերության, այլեւ փաստացի «Ֆլայ Արնայի» թիվ մեկ գործադիր ղեկավարն էր: Այդուհանդերձ, մեր նամակն ու հարցերը մնացել են անարձագանք: Օրինակ՝ Ա. Ալիին հարցրել էինք, թե արդյոք 2023-ի աշնանը տոմսերի վաճառքի դադարեցումն արաբական կողմից իսկապես ուղերձ է եղել ՀՀ կառավարությանը, եւ որն էր բուն ասելիքը:
87 աշխատակցի գումարները չեն վճարվել
«Փրայսն ամեն անգամ ստանդարտ տեքստ էր ասում, որ ինքը պոզիտիվ է տրամադրված, ու ամեն ինչ լավ է լինելու,- հիշում է ավիաընկերության նախկին աշխատակիցներից մեկը,- հունվարին նամակ ստացանք, որ աշխատանքի ծավալն ընկել է, ու պիտի 50 տոկոս կրճատեն աշխատավարձերը, մինչեւ մարտից նորից կարգավորվի»: Ըստ «Հետքի» զրուցակիցների՝ իրենց գերակշիռ մասը համաձայնել է նոր պայմաններին: Նրանց նաեւ տեղեկացրել են, որ եթե ընկերությունը փակելու հարց ծագի, աշխատավարձը կրկին կդիտարկվի 100 տոկոսով:
Այդպես էլ եղել է. մարտի 19-ին «Ֆլայ Արնայի» աշխատողները Էնթոնի Փրայսի ստորագրությամբ ծանուցումներ են ստացել առ այն, որ մայիսի 19-ին իրենց աշխատանքային պայմանագրերը լուծվելու են: Այսինքն՝ մարտ ամսվա մի մասը, ապրիլ ու մայիս ամիսներին նրանք պետք է ստանային իրենց ամբողջական՝ 100-տոկոսանոց աշխատավարձերը, ինչպես նաեւ արձակման նպաստ՝ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով: Մարտ ամսվա համար վճարվել են, սակայն ապրիլ-մայիս ամիսների աշխատավարձերն ու արձակման նպաստներն այդպես էլ չեն ստացել (փաստացի 3 ամսվա գումար):
Դեկտեմբերյան իր հայտարարության մեջ ԱՆԻՖ-ը նշել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ: Սակայն «Հետքի» զրուցակիցները պատմում են, որ իրենց գումարները չեն ստացել 87 հոգի: Բանն այն է, որ 2024 թ. տարեսկզբին, երբ արդեն դադարեցվել էին «Ֆլայ Արնայի» թռիչքները (վերջինը եղել է հունվարի 16-ին), «Air Arabia»-ն հայկական ընկերության աշխատակիցների մի մասին աշխատանքի է տեղափոխել ԱՄԷ: Դրանք հիմնականում եղել են օդաչուներն ու բորտ-ուղեկցորդները: Ադել Ալին, սակայն, չի պատասխանել «Հետքի» հարցին, թե «Ֆլայ Արնայից» քանի հոգի է գործի ընդունվել «Air Arabia»-ում: Մյուսները, որոնք մնացել են Հայաստանում, մարտից հետո փաստի առաջ են կանգնել:
Խնդիրը, ինչպես արդեն գրել են, տնօրենի բացակայությունն է. քանի դեռ չկա տնօրեն, չկա նրա ստորագրությունը, աշխատավարձեր չեն կարող վճարվել: Մեր զրուցակիցների տեղեկացմամբ՝ «Ֆլայ Արնայի» գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսն ապրիլի վերջերին արդեն Հայաստանում չէր: Մայիսի սկզբին աշխատողները նամակ են գրել «Air Arabia»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալիին, որը, ինչպես ասվեց, փաստացի նաեւ «Ֆլայ Արնայի» թիվ մեկ գործադիր ղեկավարն էր: Բանն այն է, որ հայկական ընկերության աշխատակիցները ենթարկվել են ոչ միայն Փրայսին, այլեւ ամեն մեկն, ըստ իր բաժնի ու ծառայության, «Air Arabia»-ի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին: Հիշեցնենք՝ հայկական օպերատորն աշխատում էր իր կառավարիչ «Air Arabia»-ի բիզնես մոդելով, որը բյուջետային/լոուքոսթեր փոխադրող է:
Ադել Ալիին «Ֆլայ Արնայի» աշխատողները հարցրել են, թե երբ են վճարելու աշխատավարձերը: Նամակին պատասխանել է Էնթոնի Փրայսը՝ հայտնելով, թե իրենք ԱՆԻՖ-ին տեղեկացրել են, որ խզում են հայկական ավիաընկերության կառավարման պայմանագիրը, հետեւաբար աշխատողները պետք է դիմեն ԱՆԻՖ-ին:
«Մեզ գործի է ընդունել, հարցազրույց է վերցրել «Air Arabia»-ն, բայց հիմա ասում է՝ հարցերդ լուծեք ԱՆԻՖ-ի հետ»,- դառը ժպիտով ասում է հայկական ընկերությունում պատասխանատու պաշտոն զբաղեցրած նախկին աշխատակիցը:
«Ակնկալում ենք մեր աշխատանքի վարձատրությունը»
Այլ տարբերակ չունենալով՝ ավիաընկերության աշխատողները մայիսին գնացել են ԱՆԻՖ-ի գրասենյակ, հանդիպել տնօրենի պաշտոնակատար Տիգրան Ղազարյանին: Ըստ մեր զրուցակիցների՝ նա ասել է, թե ԱՆԻՖ-ի նիստ կանեն, կորոշեն տնօրենի թեկնածությունը, որի հաստատումից հետո կվճարեն թե՛ աշխատավարձերը, թե՛ ուշացումների հետեւանքով առաջացած տույժ-տուգանքները: «Ֆլայ Արնայի» աշխատողներին նաեւ ասել են, թե ԱՆԻՖ-ի համար անակնկալ է եղել կառավարումից «Air Arabia»-ի հրաժարվելը: Վերջինիս գլխավոր գործադիր տնօրեն Ալիին հարցրել էինք, թե ինչու է արաբական կողմը հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, եւ ինչը չի բավարարել «Air Arabia»-ին, բայց, ինչպես ասվեց, նամակն անարձագանք է մնացել:
Ավելի ուշ ԱՆԻՖ-ը՝ որպես համասեփականատեր, «Ֆլայ Արնայի» տնօրենի պաշտոնում «Air Arabia»-ին ներկայացրել է ավիաընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Կարապետյանի թեկնածությունը, սակայն արաբական կողմը մերժել է այն: «Հետքն» Ադել Ալիից փորձել է պարզել անհամաձայնության պատճառը, բայց պատասխան չենք ստացել, փոխարենը մեր զրուցակիցների պատմելով՝ ԱՆԻՖ-ից իրենց հայտնել են, որ «Air Arabia»-ն ցանկանում է լուծարման տանել «Ֆլայ Արնան», եւ արաբներին չի բավարարում աշխատավարձերի հարցը փակելու նպատակով տնօրեն նշանակելու տարբերակը:
Մայիսի վերջին նախկին աշխատողները երկրորդ նամակն են գրել Ա. Ալիին, որին պատասխանել է «Air Arabia»-ի իրավաբանական բաժնի ղեկավարը: Վերջինս հայտնել է, որ «Ֆլայ Արնան» անվճարունակ է եւ չունի ղեկավարող թիմ կամ տնօրեն: Միաժամանակ նշել է, որ հայկական ավիաընկերության անմիջական սեփականատերերը՝ արաբական «International Business Company (FZE)»-ն եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել է, թե սա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:
3 անգամ ԱՆԻՖ այցելելուց բացի՝ նախկին աշխատողները գնացել են նաեւ Էկոնոմիկայի նախարարություն, որի ենթակայությամբ էր գործում պետական ֆոնդը մինչեւ վերջերս, պատահաբար հանդիպել են փոխնախարար Նարեկ Տերյանին, որն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Տերյանը, ըստ մեր զրուցակիցների, խոստացել է, որ կզանգահարեն իրենց, բայց այդպես էլ արձագանք չի եղել: Նկատենք, որ մայիսի 23-ին Կառավարությունը որոշել է ԱՆԻՖ-ի 100 % պետական բաժնեմասի կառավարումը վերցնել ԷՆ-ից ու հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին: Ըստ Կառավարության որոշման հիմնավորման՝ ներկայում ընթանում են ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ:
«Ֆլայ Արնայի» աշխատողները մայիսի 17-ին նաեւ առցանց հանդիպում են ունեցել նախկին ղեկավար Էնթոնի Փրայսի հետ, որը նշել է, թե հասկանում է նրանց մտահոգությունը, բայց ոչ մի առարկայական բան չի ասել: «Հետքի» զրուցակիցները պատմում են, որ մինչ այդ կայացած տարբեր հանդիպումների ժամանակ Փրայսն իրենց հորդորել է անհոգ մնալ, քանի որ մինչեւ վերջին դրամը ստանալու են:
«Մենք կատարել ենք մեր պարտականությունները ու, բնականաբար, ակնկալում ենք մեր աշխատանքի վարձատրությունը»,- նշում է «Հետքի» զրուցակիցներից մեկը, որը հիմա աշխատում է մեկ այլ հայկական ավիաընկերությունում:
Մեզ դիմած նախկին աշխատակիցներից մեկին «Ֆլայ Արնան» պարտք է 3,5-4 մլն դրամ, մյուսին՝ ավելի քան 2 մլն դրամ:
Կառավարության համար «Air Arabia»-ի առաջարկներն ընդունելի չեն եղել
Քանի որ մարտի 20-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Ֆլայ Արնայի»՝ մրցակցությանը չդիմանալու մասին, նրան հարցրել էինք, թե ինչ են արել ավիաընկերության հիմնադիրները, այդ թվում՝ հայկական կողմը (ԱՆԻՖ, Էկոնոմիկայի նախարարություն, Կառավարություն), որ փոխադրողը դառնա ավելի մրցունակ եւ հաղթահարի ստեղծված իրավիճակը:
Մեր հարցերին պատասխանած ԷՆ-ն նշել է, թե հայկական կողմը մշտապես բանակցել է «Ֆլայ Արնայի» կառավարումն իրականացնող «Air Arabia»-ի հետ, որպեսզի հայկական ավիաընկերությունն առավել մրցակցային դարձնելու առաջարկներ ներկայացվեն: Ըստ ԷՆ-ի՝ «Air Arabia»-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել են յուրաքանչյուր տարվա համար լրացուցիչ ֆինանսավորման առաջարկներ, որոնք հայկական կողմի համար ընդունելի չեն եղել՝ պայմանավորված առաջարկների չհիմնավորված լինելու եւ ֆինանսավորման ժամկետների հստակ չլինելու հանգամանքով:
Պաշտոնական այս պատասխանը կարող ենք վերաձեւակերպել մոտավորապես այսպես՝ արաբներն անընդհատ լրացուցիչ փող էին ուզում, մենք էլ, ի վերջո, մերժեցինք, որովհետեւ չէին հիմնավորում: Ադել Ալին չի արձագանքել «Հետքի» խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ կառավարության վերոնշյալ հայտարարությունը:
Անցյալ տարի հայկական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ֆլայ Արնայի» ձախողման իրական պատճառն ԱՆԻՖ-ի ու «Air Arabia»-ի միջեւ ծագած խնդիրներն են ավիաընկերության վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ (խոսքն, ըստ էության, ֆինանսական ներդրումների մասին էր): ԷՆ-ն «Հետքին» փոխանցել է հետեւյալը. «ԱՆԻՖ-ը որպես բաժնետեր ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները, եւ հետեւաբար պայմանավորվածությունների կատարմամբ որեւիցե խնդիր չի ծագել»:
«Ֆլայ Արնայի» հանդեպ «Air Arabia»-ի դրսեւորած վարքագիծը հարցեր է առաջացնում
ԷՆ-ն, ինչպես արդեն գրել ենք, նշել էր, որ, ըստ կառավարիչ «Air Arabia»-ի, «Ֆլայ Արնայի» հիմնական խնդիրները եղել են դեպի Եվրոպա չվերթերի անհնարինությունը, «Զվարթնոց» օդանավակայանի կողմից մատուցվող ծառայությունների բարձր գները եւ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ թռիչքուղիների անվտանգության ապահովման պայմանները:
Մենք նկատել էինք, որ ԵՄ «սեւ ցուցակի» խոչընդոտը օրինական ճանապարհով հաղթահարելու տարբերակ էր այլ շահագործողներից վարձակալությամբ օդանավ վերցնելը (ավիացիայում հայտնի է իբրեւ «թաց վարձակալություն» (wet lease), երբ օդանավն ու անձնակազմը վարձով տվող կողմի պատասխանատվության ներքո են, սակայն թռիչքներն իրականացվում եւ համարակալվում են վարձակալի անվամբ): Ի՞նչն էր խանգարում, որ ստեղծված իրավիճակում «Air Arabia»-ն աջակցեր «Ֆլայ Արնային» եւ արաբական գրանցումով (ԱՄԷ-ի ազգային A6 նիշը կրող) մեկ-երկու օդանավ հանձներ «թաց վարձակալության»»։
Մանրամասները՝ «Հետք»-ում։