Բոլոր այն տեղերում, որտեղ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, այսինքն՝ այգիները չեն խնամվում, մենք պետք է լուծենք պայմանագրերը: Երևան քաղաքը պատրաստ է այդ այգիները վերականգնել և հետևել, որպեսզի դրանք մնան կանաչ. հերթական իրականություն չդարձող հայտարարությունն է արել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի այգիների խնդրին, որոնք, ըստ իրեն, վարձակալների անգործության պատճառով չեն խնամվում։
Առաջին հերթին, որ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը լսում ես, թվում է, թե այդ հայտարարությունն անող մարդը այլևս իր պարտականութունների շրջանակում ոչ մի անլուծելի խնդիր չունի, քաղաքում փոսերի մեջ ծառ չի դրվում, ասֆալտի բոլոր շերտերը հավասարվել են իրար, նախընտրական խոստումները կատարել է, մարդիկ արդեն երթևեկում են նկարած բոլոր ճանապարհային հանգույցներով, վերջին քարն է դրվում Աջափնյակի մետրոյի, Նուբարաշենում աղբն օդում չի պարում, նոր աղբավայրի կառուցումն ավարտելուն բան չի մնացել, տրանսպորտն արագ աշխատում է, օղակաձև այգու սրճարանները քանդեց, թենիսի հրապարակը տեղափոխեց, ջրահեռացման համակարգը գերազանց աշխատում է՝ լուծել է մասնավորի հետ հարցերը, ի՞նչ է մնում բա անել քաղաքապետին՝ վերցնել, և անել չխնամված այգիների վարձակալների գործը և հոլիվուդյան դերասանի հետ գինի խմել՝ հավանաբար քաղաքացիներն էլ հարկերով փակել են հաշիվը։
Երկրորդ հերթին՝ մտածում ես՝ հումոր է անում, բայց հաստատ իր տրամադրությունը հումորային պիտի որ չլինի․․․
Երրորդ, բացարձակ կառավարչի առաջարկած լուծում չէ՝ «դուք չեք անի, ես կանեմ» տարբերակը, դա լրիվ այլ բան է ենթադրում, դա կառավարչի անկարողունակության մասին է, իրեն չհարգելու ու հեղինակազուրկ լինելու մասին է, օրենքով սահմանված բազմաթիվ պարտավորություններ ունեն վարձակալները․․․։
Թվարկածս ընդամենը մեկ տոկոսն էլ չի կազմում, ինչ չի արել Տիգրան Ավինյանը, ավելին, Տիգրան Ավինյանի սակուրաններն անգամ չգիտենք, թե ինչ եղան։
Իսկ քաղաքապետարանի Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ն իր անելիքն արե՞լ է, որ Ավինյանն անցել է մասնավորին․ մասնավորի որոշ մասին օրինակ է ծառայում հենց քաղաքապետարանը՝ երկուսն էլ չեն անում այն, ինչ պետք է անեն։
Սովորական զբոսանքի ժամանակ, երբ անգամ տրամադրված չես ինչ-որ բան արձանագրելու, ուշադրություն են գրավում ծառերից զրկված կենտրոնն ու չորացած ծաղիկների թփերն ու ծառերը, այն էլ այս անձրևային եղանակին։
Տիգրան Ավինյանը տեսախցիկների առաջ մասնավորի մոտ «հերոս» ձևանալու սերիան նկարելուց հետո, կարող է թաքուն՝ առանց տեսախցիկի մի քայլ անել, օրինակ, Սայաթ-Նովայի պողոտայով, և հասկանալ, թե քաղաքացու աչքերով ինչ պատկեր ունի գումարների փոշիացումը, որովհետև կես ծառերը չկան, կեսը չորացել են, ծաղիկներն այդպես էլ չեն ծաղկի՝ թփերը չորացել են։ Նույնը նաև Թումանյան փողոցում է (կից լուսանկարը) և առհասարակ Երևանում։
Ի դեպ, նիստերի մասով․ տեսախցիկի առաջ Արգիշտի I թագավորին գերազանցելու փորձերը երբեք տպավորիչ չեն եղել և վաղուց արդեն ծիծաղելի էլ չեն։
Սայաթ-Նովայի պողոտայից մեկ հատված՝ տեսանյութում (տեսանյութն արվել է հուլիսի 18-ին)․