Եկեղեցու և կառավարության հարաբերությունները լավ չեն, բայց այդ մասին շատ ասելիք չկա: Չկա, որովհետև քաղաքական իշխանություն-եկեղեցի բանավեճում ինչ-որ չափով բոլորն են մեղավոր և որքան էլ կոնկրետ պահին աչքիդ զարնի մեկի մերժելի վարքն ու խոսքը, այդ կռվում նրանցից միայն մեկի սխալների մասին խոսելը ճիշտ չէ ու հեղափոխականի ու հակահեղափոխականի պիտակ է բերում: Ընդամենը արձանագրենք, որ ժողովուրդը եկեղեցուց դժգոհելու պատճառներ, հոգևոր կյանքից հեռանալու և շվայտ կյանքով ապրելու մեջ մեղադրելու իրավունք ուներ: Ապա չմոռանանք, որ այդ նույն ժողովուրդը եկեղեցուց դժգոհությունն արտահայտելու ձևը չգիտեր ու որոշեց դա ևս անել «դուռ-լուսամուտ-ճանապարհ փակելով» ու վիրավորանքով՝ ի ցույց դնելով, որ մեծ հաշվով եկեղեցուց նեղանալու իրավունք չունի, որովհետև ինքն էլ իր հերթին հոգևոր կյանքն այնպես չէ, որ արժևորում է կամ հոգևոր արժեքները, եկեղեցու հեղինակությունը՝ կարևորում:
Բայց չշեղվենք թեմայից:
Եկեղեցու հետ կառավարության վատ հարաբերությունների մասին հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանը մի քանի օր է քննադատվում է եկեղեցականների ու աստվածաբանների կողմից, ովքեր «ամեն իշխանություն Աստծուց է կարգված» դրույթի մեկնությամբ ի ցույց են դնում կառավարության ոչ միայն ամբարտավանությունը, այլ նաև կարդացածը չհասկանալու շնորհը:
Վարչապետի մեջբերման մեկնաբանություններից ամենախոսունն այն է, որ Աստված իշխանության է կարգում նաև վատերին ու ապիկարներին, ու դրա մեղավորը հասարակությունն է, որ այդպես էլ արժանի չի դառնում լավ իշխանության: Եթե ավելի առարկայական խոսենք, ապա ոչ ոք չի կարող մատնացույց անել մեր հասարակության մեջ ներկա պահին գեներացված մի այնպիսի դրական բան, որի համար մենք լավ իշխանության ու մեծ հաշվով լավ բախտի արժանի պետք է լինենք: Մեզ միշտ թվացել է, որ Աստված պարտք է մեզ, քանի որ հին ու տառապյալ ազգ ենք ու առաջինն ենք քրիստոնեություն ընդունել: Իսկ ամենամեծ խնդիրը, թերևս, այդ ամբարտավան մտածողության մեջ է, որը թույլ չի տալիս հասկանալ, որ եթե փորձության ես ենթարկվել, ուրեմն ուղղելու բան ունես ու պետք է ուղղես և ոչ թե ավելի ու ավելի շատ կարծես, որ քանզի դու փորձանքի մեջ էիր ուրեմն պարտք են քեզ:
Ինչո՞ւ մեր հասարակությունն ավելի լավ իշխանություն պետք է ունենա, եթե իշխանությունն ու հասարակությունը խոսում են նույն կերպ: Ինչո՞ւ իշխանությունն ավելի լավը պետք է լինի, եթե քննադատում ես անվիճելի վատն ու դրա տակ տեսնում հայհոյանք, թշնամություն, ավելի վատն անելու խոստում:
Մեր իշխանությունը գործում ու խոսում է այնպես, ինչպես հասարակությունը: Եվ ես միշտ եմ վստահ եղել, որ իշխանությունը հասարակության հայելին է: Չկոռումպացված հասարակության մեջ կոռումպացված իշխանություն չի կարող լինել, չբաժանված հասարակությունը բաժանող իշխանություն չի կարող հանդուրժել, հարևանի լավից տխրող, նրան ատող հասարակությունն անհանդուրժող իշխանություն չի կարող հանդուրժել, օբյեկտիվ ու ազնիվ հասարակությունը չի կարող հանդուրժել մարդկանց, ովքեր իշխանության գալուց հետո անում են այն, ինչից դժգոհելով ու քննադատելով եկել են իշխանության:
Բայց ազգային ժողովում հնչեցված խոսքն ուրիշ երանգներ էլ ունի: Դա նախ ի ցույց է դնում, որ ոմանք Աստվածաշնչից մեջբերումներ են անում՝ չհասկանալով դրանց իմաստը, կամ հասկանալով այնպես, ինչպես պետք է: Նիկոլ Փաշինյանը որոշել է իրեն ներկայացնել որպես Աստծո ընտրյալ այն դեպքում, երբ Աստված հավանաբար նրան իշխանության կարգելիս ավելի վատին չի գտել: Բայց, իհարկե, գտել է մեկին, ով Աստծո տան հետ հարաբերություններում խոսում է ամբարտավան, արհամարհական ու հեգնական, փորձում եկեղեցու ու Աստծո հարաբերությունները «կախել» եկեղեցու ու կառավարության հետ հարաբերություններից՝ փաստացի ասելով, որ եկեղեցին Աստծո հետ կառավարության միջոցով է հարաբերվում:
Ու այդ խոսքերն ասում է մեկը, ում հարաբերությունները Աստծուց կարգված իշխանությունների հետ լավ չեն եղել, կամ էլ… լավ են եղել:
Աստծո հետ հավասար զգալու մեղքով իհարկե միայն ներկա իշխանությունները չեն տառապում: Հայաստանն ունեցել է Աստծո դեմ ավելի բացահայտ դուրս եկած կառավարիչներ, ովքեր Աստծո հետ հանդիպելիս ոչ թե «մեղա» են ասելու, այլ պատասխան են ուզելու իրենց փորձության ենթարկելու համար:
Այո, Աստված մեզ պատժում է, պատժում է համերաշխ չլինելու, իրականության զգացումը կորցնելու, Աստծուն դեմ դուրս գալու, հպարտության ու մյուս մեղքերի համար, Արցախը 30 տարի չփայփայելու համար, պատժում է նաև իշխանության կարգելով նրանց, ովքեր ի լուր աշխարհի պետք է խոսեն բանակցային փաստաթղթերից ու բացահայտեն, որ դրանց իմաստը չեն հասկանում: Հայաստանում Աստված իշխանության է կարգել մեկին, ով Հայաստանի համար ամենանուրբ հարցերից խոսում ու ամոթալի կերպով հերքվում է փաստերի ստուգման հարթակների մակարդակում:
Բեթղեհեմ Արաբյան