Neuralink ուղեղի իմպլանտով առաջին մարդը՝ Նոլանդ Արբոն, ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տեխնոլոգիան օգտագործում է օրական առնվազն տասը ժամ և հոգնածություն չի զգում։
«Ես չեմ հոգնում և մտածում եմ... ուզում եմ անընդհատ օգտագործել այն (Neuralink իմպլանտը-խմբ.)»,- ասել է փորձի մասնակիցը։
«Մի օր չկարողացա քնել, և գիշերվա ժամը երկուսին միացրի և ակտիվ մնացի 17 ժամ. խաղացի, մի երկու անգամ լիցքավորվեցի (իմպլանտը անլար լիցքավորվում է - խմբ.) և այդպես մնացի մինչև հաջորդ օրվա կեսգիշերը»,- ասում է տղամարդը՝ պարզաբանելով, որ այս օրը բացառություն էր։
«Մենք աշխատում ենք չորս ժամ երկուշաբթիից ուրբաթ. սրանք կառուցվածքային սեանսներ են Neuralink-ի հետ, որտեղ մենք հետազոտություն ենք անում, բայց մնացած վեց կամ ավելի ժամերը, որոնք ես ինքս եմ անցկացնում նրա հետ՝ օգտագործելով Neuralink-ն իրական կյանքում, նույնպես օգուտ են բերում հետազոտություններին»,-ասել է նա։
Արբոն յոթ տարի առաջ կաթված է ստացել, երբ վթարի հետևանքով վնասվել է ողնուղեղը: 2024 թվականի հունվարին նա դարձել է առաջին մարդը, ով իմպլանտ է կիրառել ուղեղի շարժիչային հատվածում՝ որպես Neuralink կլինիկական փորձարկման մի մաս: Փոքր սարքը անլար կերպով փոխանցում է հիվանդի ուղեղի ազդանշանները համակարգչին: Ընկերության կարծիքով՝ տեխնոլոգիան պետք է օգնի շարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց՝ վերականգնելու նորից գործելու ունակությունը: