«Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։ Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է հասցնել, սակայն հավատքով զինված, կամքով պրկված, միասնական ոգով գոտեպնդված, որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող բազմազան ու այլազան տագնապները՝ ներքին և արտաքին։ Անհրաժեշտ է, որ մեր մոտեցումները լինեն իրատես, և հայեցակետերը՝ համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունը ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել՝ աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմաններու լույսի ներքո»,-ասել է նա։
Արամ Ա-ն ընդգծել է համազգային համախմբման կարևորությունը՝ նշելով, որ ապրիլի 24-ն այսօր առավել, քան երբեք ազգային միասնության, ամրապնդման մարտահրավեր է:
«Ադրբեջանը շարունակում է իր սուրը ազատորեն ճոճել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Արցախը տակավին շրջափակված է ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները։ Ադրբեջանի հողային ինքնիշխանության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ: Հայաստանը առանձին է և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքները պաշտպանելու համար կմնա ամուր»,- ասաց նա:
Նա շեշտել է, որ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկում։
«Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները բացելով՝ կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը և Արցախը կարող է անհետանալ, հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի կնքումը՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների»,- ասաց նա: