Հետևեք մեզ։

Ու՞ր չքվեց կարեկցանքը, Թաթայի համերգին մասնակից գոնե մեկը մտածե՞ց, որ ծափերը կհասնեն այն տուն, որտեղից ժամեր առաջ մի ընտանիք հուղարկավորվեց

13:43, 28 հուլիս 2024
Ու՞ր չքվեց կարեկցանքը, Թաթայի համերգին մասնակից գոնե մեկը մտածե՞ց, որ ծափերը կհասնեն այն տուն, որտեղից ժամեր առաջ մի ընտանիք հուղարկավորվեց

Հայ ազգի նկարագրություններն անգամ օտարների կողմից կամ հատկապես օտարների կողմից չափազանց հպարտացնող են․ հյուրընկալ, կարեկցող, հասնող․․․։ Համաձայնեք, մենք նաև այդպիսին ենք, երբեմն նաև պետության գործառույթներն է իր վրա վերցնում հասարակությունն ու սկսում գործել, բայց ինչ-որ պահի ու ինչ-որ քաղաքական մանևրների հետևանքով ինչ-որ բան դուրս է գալիս տրամաբանությունից։

Հայաստանը փոքր երկիր է, այս տարածքում կատարված ցանկացած իրադարձություն հասնալի է  բոլորին ու բոլոր օղակներին վայրկյանների ընթացքում։

Իշխանությունը որոշել է, որ հասարակությունը պետք է ուրախ լինի ու քեֆեր է կազմակերպում այս ու այն քաղաքում։ Քաղաքում ապրողի կողմից այդ միջոցառումների մասնակիցներին քննադատելը հեշտ է, որովհետև իր ցանկացած պահին ինքը կարող է հայտնվել ցանկացած իրադարձության կենտրոնում, կամ պարզապես մի գեղեցիկ վայրում սրճել, լսել երաժշտություն, մոռանալ հոգսերն ու մի ժամով կտրվել իրականությունից։

Բայց եկեք այլ հարթությունից նայենք․ Շիրակի մարզի իքս գյուղի բնակչի համար Թաթային տեսնելու շանսը բաց թողնելու որոշում կայացնելը դժվար է, երեխային դրանից զրկելն ավելի դժվար է, երբ ամեն ինչ այդքան հասանելի է ու անվճար։ Սա էլ պետության, ընդ որում՝ բոլոր ժամանակների մեղքն է, որովհետև պայմանները չեն ներում, որ ամեն մարդ իր կյանքում մեկ անգամ անցնի 120 կմ, վճարի տոմսի համար ու ներկա լինի, օրինակ, Թաթայի համերգին։

Մեղադրել այդ մարդկանց, գլոբալ առումով հեշտ է, բայց պետք է հաշվի առնել նաև այդ մարդու հոգսաշատ կենցաղը, կենսական պայմաններն ու տրված հնարավորությունը։ Իհարկե, կան նաև մարդիկ, որոնց ոչինչ հետաքրքիր չէ, համերգ լինի՝ գնան, շենքի բակում էլ եթե 18 տարեկանի սև ժապավենը դեռ չի հանվել աղմուկ- աղաղակով ու դհոլ-զուռնայով հարսանիք կանեն միգուցե, բայց, վստահաբար, հայ հասարակության մեջ ավելի շատ են այն մարդիկ, որոնք բացարձակ հարսանիքներ չեն արել՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ,  պարզապես այդ չարած միջոցառումն աղմուկ չունի և չի հայտնվում սոցցանցերում։


Պարզ է, թե ինչո՞ւ է նախաձեռնվել «Ֆեստիվառը» «ժանտախտի ժամին», պարզ չէ՝ ինչն է շատ լավ, որ Բաքվի ողջ զինանոցը սպառելու սպառնալիքների ֆոնին ՀՀ վարչապետը որոշում է Թաթայի համերգից «լայվ» մտնել, ցույց տալ, որ 4 տարի առաջ հինգ հազար զոհերից հետո իբր երջանիկ հասարակություն է կերտում Հայաստանում, բայց մի բան պարզ է․ բոլոր օբեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով հանդերձ, ինչ-որ պահից մարդկանց մի շերտ մոռանում է կարեկցել, կիսել ողբերգությունները, և երեք դագազի ֆոնին կարող են երջանիկ լինել։ 

Այն, որ մենք Արցախ ենք կորցրել, յուրաքանչյուրս դրանից հետո մեր, հարազատի, բարեկամի ուրախ առիթին մասնակցել ենք, մեկնել ենք հանգստի, որոշ պլաններ էլ չեղարկել ենք՝ հոգեբանորեն պատրաստ չլինելով իրականացնել, այդ բոլորի առիթներին էլ հիշել Արցախի, նահատակների մասին, կորցրածի ու վտանգների մասին, որովհետև բանական մարդը չի կարող մոռանալ իր մի մասնիկը՝ անկախ իրավիճակներից որում հայտնվում է։ Հետևաբար, Հռոմի պապից կաթոլիկ երևալու ջանքերը ևս քաղաքական միավորներ հավաքելու են նման։


Այն, որ այս ամենը իշխանությունը իր բոլոր լծակներով «բրավո Գյումրի» գոռալով իր հարցերն է լուծում,  պարզ է, իրեն բացարձակ հետաքրքիր չէ հասարակությունն ինչ է զգում, անում, դառնում, իրեն իր միավորներն են պետք և ստանում է։ Ընդ որում, ինքնամոռաց, առանց հիշելու, որ իր արած այդ քայլը հասարակության մեկ այլ անդամի ողբերգության ֆոնին, ապացուցում է, որ իրեն հասարակությունը հետաքրքիր չէ, այլապես կհետաքրքրեր այդ նույն Գյումրիում՝ մի քանի մետր հեռավորության վրա ողբացող քաղաքացին, որը սգում է մի ողջ ընտանիքի վերացումը։


Պարզապես, մարդկայնորեն մեկ հարց կա․ համերգի մասնակից որևէ մեկը, մեկ մարդ չմտածե՞ց, որ իր ծափերը կհասնեն Գյումրիի այն տուն, որտեղից ժամեր առաջ մի երիտասարդ ընտանիք հուղարկավորվեց։ 

 

Բեթղեհեմ Արաբյան