Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հավատարիմ է մնում իր հանրահռչակած սկզբունքներին՝ միջազգայնացնելու 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Վերջին շրջանում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն ակտիվ է միջազգային հարթակներում։ Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և կա՞ն արդյունքներ՝ հարցին, Գաբրիելյանը պատասխանել է.
««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հավատարիմ է մնում իր հանրահռչակած սկզբունքներին՝ միջազգայնացնելու 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված հայության իրավունքների վերականգնման խնդիրը։ Հետևապես, մեր գործունեության առանցքներից է միջազգային հեղինակավոր կազմակերպություններում անցկացվող միջոցառումների, հեղինակավոր պետական ու քաղաքական գործիչների հետ հնարավոր հանդիպումների ժամանակ անպայմանորեն հայ փախստականության բազմաշերտ խնդիրները հասցեագրելը։
Այդ նպատակով 2024 թ․ մայիսին մասնակցել եմ Վիեննայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային հարթության Մեդիագրագիտության և Ժողովրդավարության թեմայով միջոցառմանը, այնուհետև հունիսի 24-ին՝ «Հանդուրժողականություն, ոչ խտրականություն և գենդերային հավասարություն» խորագրով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած երրորդ միջոցառմանը։
Իսկ հունիսի 26-27-ը Նյու Յորքում մասնակցել եմ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) տնտեսական և սոցիալական խորհրդի հումանիտար հատվածի նստաշրջանին և ներկայացրել մեր միության առջև դրված նպատակները, հայ փախստականության խնդիրները, դրանք ծնած հայատյաց քաղաքականության դրսևորումներն Ադրբեջանի կողմից։
Մեր միջազգային գործունեության արդյունքն այն կարող ենք համարել, որ շատ ու շատ հարթակներում արդեն ճանաչում են մեր միությունը, աջակցություն են հայտնում մեր հռչակած տեսլականներին, կան նաև համագործակցության կարևոր առաջարկներ, որոնց վրա աշխատում ենք, դրանց մասին քիչ ավելի ուշ կհայտնենք»:
Ինչպես է Գաբրիելյանը գնահատում խնդրի միջազգայնացման և միջազգային հանրության ուշադրությունը հայ փախստականության խնդրին հրավիրելու հնարավորությունները։
«Գաղտնիք չէ, որ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից բռնի տեղահանված հայության պատմաքաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական խնդիրները մնացել են առկախված, ինչը միջազգային քաղաքակիրթ հանրության մեծագույն ձախողումներից կարելի է համարել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի հանցագործություններ են կատարվել 1988 թ․ Սումգայիթում 1990 թ․ Բաքվում, 1992 թ․ Մարաղայում և Ադրբեջանի այլ հայկական և հայահոծ բնակավայրերում։ Դրանք կարելի է բնութագրել միայն որպես մարդկության դեմ գործված հանցագործություններ, որոնք մնացին անարձագանք և որ ամենացավալին է՝ անպատիժ։ Այս կետից է իրականում սկսվում խնդրի միջազգայնացման և՛ անհրաժեշտությունը, և՛ բարդությունը։
Փախստականության հիմնախնդիրը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքակրթության առաջ ծառացած լրջագույն խնդիրներից մեկը, և փախստականների յուրաքանչյուր հաջորդ ալիք է՛լ ավելի է խորացնում այն հսկայական բացը թե՛ միջազգային իրավունքում, թե՛ քաղաքական առանցքային դերակատարների սթափության և կամքի դրսևորման հարցում, որը հանգեցնում է մարդկանց նորանոր խմբերի տեղահանմանը։ Խնդիրն, ինչպես համոզվել ենք, ունի կուտակային էֆեկտ. ամեն անպատիժ մնացած հանցագործություն հիմք է դնում նորերի համար: Ասվածի վառ վկայությունն է Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը, որը դարձավ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության բռնագաղթեցման ուղղակի և տրամաբանական շարունակությունը։ Իսկ այս իրողությունը հնարավոր դարձրած գործոնների շարքում անժխտելիորեն կարելի է նշել այն անպատժելիությունը, որով պարզապես վարակված են ադրբեջանական վարչակարգերը իրենց հանցանքները ծրագրելիս և իրականացնելիս։ Ինչքան շուտ աշխարհն ընկալի այս պատճառահետևանքային կապը, այնքան մեծ է հավանականությունը, որ կանխման մեխանիզմներն էլ շուտ կմշակվեն:
Ինչ վերաբերում է փախստականության խնդրի հանրայնացման հնարավորություններին, ապա հարկ է նշել, որ, այո՛․ այսօր գոյություն ունեն իրական հնարավորություններ Ադրբեջանի կողմից ոտնահարված հայության իրավունքների վերականգնումը փոխադրելու միջազգային հարթակներ։ Մեր աշխատանքի, մեր միության ստեղծման, կարելի է ասել, հիմնական նպատակներից է եղել հենց հանրայնացումը և դրա շնորհիվ մեր մյուս նպատակների իրագործումը:
Մենք վստահ ենք մեր աշխատանքի վրա այնքանով, որ գիտենք, պատմական արդարությունը մեր կողմից է, մնում է այն հասանելի դարձնել ավելի ու ավելի լայն շրջանակների: Բնականաբար, գիտակցում ենք նաև դժվարությունները, կապված այն բանի հետ, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք ագրեսիվ խաղացողի հետ ի դեմս Ադրբեջանի, սակայն այստեղ էլ գործելաոճը շատ կանխատեսելի է, և հաշվի առնելով, որ փաստարկներն էլ հիմնովին հորինված են, մեր կողմից համառ աշխատանքի շնորհիվ պետք է իրականություն դարձնենք մեր պայքարի ակնկալվող վերջնարդյունքը»:
Միջազգայնացման միջոցները և եղանակները, ըստ Վիլեն Գաբրիելյանի, տարբեր են և բազմապիսի։ Միջազգային տարբեր կազմակերպություններ իրենց կազմակերպած միջոցառումներում մեծ տեղ են հատկացնում հասարակական կազմակերպությունների մասնակցությանը և վերջիններիս տրամադրում են հարթակներ առկա խնդիրների բարձրաձայնման համար։ Սակայն դա հնարավորությունների մի մասն է միայն։
«Մենք պարբերաբար նամակներ ենք հղում տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպություններին, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ին, որոնք հրապարակվում են որպես պաշտոնական փաստաթղթեր, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններին, հեղինակավոր քաղաքական և հասարակական գործիչներին։ Մենք մեր նամակներում պահանջում ենք սեփական մանդատի շրջանակներում օժանդակել կամ հանձնառու դառնալ ադրբեջանական հանցանքներին համարժեք գնահատականի ձևավորմանը՝ համապատասխան հետևանքներով»,- ասել է նա:
Միջազգային հանրությունը ի զորու է արդյո՞ք բավարար կամք դրսևորել այսօր փախստականության, այդ թվում հայ փախստականության խնդիրների արդարացի լուծման ուղղությամբ։ Հարցին Գաբրիելյանը պատասխանել է.
«Միջազգային գործընկերների հետ մեր հանդիպումները ցույց են տալիս մի շատ կարևոր իրողություն առ այն, որ նաև պայմանավորված համաշխարհային իրադարձություններով՝ տարբեր երկրներ, ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչներ, հումանիտար խնդիրներով զբաղվող ինստիտուտներ հետաքրքրված են փախստականության երևույթի դեմ պայքարով։ Դա չափազանց դրական դինամիկա է, որը, սակայն, կարող է արդյունավետ լինել, եթե զուգահեռվի կոնկրետ գործողություններով։ Միջազգային հանրությունը սկսել է հասկանալ և գիտակցել, որ պատժի և պատասխանատվության մեխանիզմների բացակայությունն է այն պատճառներից մեկը, որը թույլ չի տալիս հասնել խնդրի արմատական լուծմանը։
Սակայն հարկ է նշել նաև, որ միջազգային հանրության նման մոտեցումները դեռևս մտահոգությունների մակարդակում են և շատ երկար ժամանակ ու ջանք է անհրաժեշտ հասնելու անհրաժեշտ իրավարար ճկուն մեխանիզմների ձևավորմանը և դրանց անխոչընդոտ աշխատանքին։ Այնուհանդերձ, մենք շարունակելու ենք միջազգային հանրության հետ բազմավեկտոր աշխատանքն ու համագործակցությունը՝ ապահովելու միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա մեր իրավունքների ամբողջական վերականգնումը»։