Հետևեք մեզ։

Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի

13:15, 01 օգոստոս 2024
Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի

Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով: Այս մասին հայտնում են կառավարությունից։

 

ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ստեղծել կազմակերպություն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հրապարակված Milestones in the Development of a National Infrastructure for Nuclear Power. No. NG-G-3.1 ուղեցույցի համաձայն։ Վերոնշյալ կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, և առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

 

Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե։ Հաշվի առնելով ԱԷՄԳ-ի ուղեցույցը՝ նմանատիպ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տարբեր ոլորտների (էլեկտրաէներգետիկա, միջուկային ֆիզիկա, բնապահպանություն, կրթություն, քաղաքաշինություն և այլն) բարձր որակավորում ունեցող 50-60 մասնագետներով համալրված անձնակազմ: Հաշվի առնելով աշխարհում միջուկային տեխնոլոգիաների զարգացման փուլը և աշխարհաքաղաքական զարգացումները՝ տվյալ կազմակերպության ստեղծումից և համապատասխան անձնակազմի համալրումից հետո 1,5-2 տարվա ընթացքում կկարողանա կառավարությանը տալ հիմնավորված առաջարկ տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ:

 

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 200,000,000 դրամ, որը բաժանված է 20000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: