Ապօրինի գույքի բռնագանձման գործերով 30-ից ավելի հայցադիմում գտնվում է դատաքննության փուլում։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ապօրինի գույքի բռնագանձման հարցերով գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։
«Այս պահին ունենք 30-ից ավելի հայցադիմում, և 30 գործերով կայանում են դատական նիստեր: Լրատվամիջոցները կարող են գալ և լուսաբանել նիստերը: Նաև մենք ենք ցանկանում, որ հանրությունը տեղյակ լինի այդ գործերի ընթացքից»,- ասաց Գալյանը:
Հարցին, թե օրինակ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասում է՝ տունն իմն է, չեմ տա, ինչ են անելու․ «Ի՞նչ են անում այդ դեպքում, դուք ինքներդ գիտեք», -արձագանքեց Գալյանը։
Դիտարկմանը, թե մարդիկ ուզում են արագ տեսնել ապօրինի գույքերի վերադարձը, Գալյանն ասաց, որ դատախազությունը գործում է սահմանված ժամկետներում։