«Հաշվի առնելով ԱԺ Քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ:
Իրավունքներիս եւ ազատություններիս անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում եւ անձնապես, եւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:
Պատճառներից կարեւորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաեւ հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն և ապօրինի կալանքի պատճառով:
Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ եւ լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որևէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաև շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։
Արգելանք է դրված նաեւ լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:
Անկախ փորձագետների եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների եւ դիլետանտական բամբասանքների շարունակության համար:
Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին եւ 2020թ․ նոյեմբերի 19-ին։
2021 թվականի հունվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։ Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Ուստի առաջարկում եմ իմ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»: