Հետևեք մեզ։

Պատմության դասագրքում Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի

13:42, 16 օգոստոս 2024
Պատմության դասագրքում Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի
«Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին հայտնեցին ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
 
Նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ձեւակերպումը, նշեց, որ սա վրիպակ չէ. «Սա ոչ այդքան վրիպում էր, այդ տեսանկյունից գուցե չէին դիտարկել հարցը: Մենք շատ կարևոր կարգավորում ունենք, դասագիրքը երաշխավորելուց հետո տեղադրվում է նախարարության  պաշարների շտեմարանում կամ ԴՇՀ-ի կայքում, տրվում է 2 շաբաթ ժամանակ, որպեսզի դասագիրքը օգտագործող ուսուցիչները, ծնողները, հասարակությունը կարողանան ծանոթանալ դասագրքերի հետ: Սա մեզ հնարավորություն է տալիս լրացուցիչ աչք ունենալ, և եթե կան որոշ վրիպումներ, վերանայել՝ մինչև տպագրության գնալը»,- ասաց Սարգսյանը:
 
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ–ն կոչով դիմել էր հայկական կողմին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ սույն դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, և Թուրքմանչայի խաղաղությունը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցումը»:
 
Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այս դեպքում խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է, «արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրիգների լավագույն ավանդույթներում սպիտակը կոչվում է սև՝ որոշ հա գործիչների «թեթև ձեռքով», որոնք առանձնապես ջանասիրությամբ փորձում են սիրաշահել իրենց հովանավորներին»: