Հետևեք մեզ։

Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները կրակում են

11:03, 25 ապրիլ 2023
Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկները կրակում են

Ուղիղ հինգ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցածի մեջ մեծ ոգևորություն կար: Ոչ ոք, որքան էլ ընդդիմադիր լինի, սուբյեկտիվ կամ օբյեկտիվ քննադատի կամ աչքով տեսնել չցանկանա իշխանություններին, չի կարող չընդունել, որ տեղի ունեցածը համաժողովրդական ցանկությամբ էր: Հեղափոխությունը նոր զգացողություններ էր տվել մարդկանց, որոնք ավելի էին ուժեղանում, երբ մարդիկ որոշ թիկնապահավորների փոխարեն նոր իշխանության նախարարներին ու պատգամավորներին հանդիպում էին խանութներում, բանկերում ու կենցաղային տարբեր միջավայրերում: Բոլորն են հիշում ուղղաթիռներից ու կառավարական առանձնատնից վարչապետի «լայվերը», որոնք նույնիսկ այն ժամանակ, անմիջականության կարոտ հասարակության կողմից քննադատվեցին, իսկ Նիկոլ Փաշինյանը համարելով, որ բոլորն էլ «չտես» են, ցուցադրում էր հատուկ պահպանության ենթակա տան բոլոր անկյունները:

 

Իհարկե, այն ժամանակ էլ հասկանում էինք, որ պարզությունն ու անմիջականությունն ավելի շատ ցուցադրական են: Օրինակ, վարչապետը ոչ թե հեծանիվով էր աշխատանքի գնում, այլ սև ամենագնացներով շրջապատված հեծանիվով՝ ուրիշների երթևեկության համար ծայրից ծայր փակված փողոցով: Բայց, դա էլ նորություն էր, անմիջականության բաժին կամ դրա խրախուսանք, այդ ամենի մեջ, գոնե կար:

 

Այսօր, ահա, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր վարչապետի այցին ընդառաջ նրա անվտանգության աշխատողները «իսկանդեր» էին փնտրում անմար կրակի կողքին խոնարհված ծաղիկների մեջ: Բայց սա 2018 թվականի իրավիճակի հակապատկերը չէ: Դրա հակապատկերը վաղուց կա, որովհետև «ժողովրդի վարչապետին» ուղեկցող ավտոմեքենաները 5 տարվա մեջ բոլորի աչքի առաջ են ավելացել:

 

Սա, հարգելիներ, խայտառակությունն է, չտեսությունն ու «գեղցիությունը», բայց արդեն ոչ թե անմիջականության, այլ հակառակի մեջ, սա ապիկարությունն է անվտանգության միջոցառումները կազմակերպելիս, անկարողությունը դրանք այնպես կազմակերպել, որ Ծիծեռնակաբերդ այցդ չիմաստազրկես:

 

Տեղի ունեցածը, թեև հեգնանքով խոսելու իրավունք էլ է տալիս, բայց ամեն ինչ ավելի տխուր է, քան կարելի է կարծել: Տխուր է, որովհետև տնտեսական հաջողություններն ամեն օր ազդարարող, մարզերում կատարված բացառիկ ներդրումներից, բարձրացված կենսաթոշակներից ու աշխատավարձերից, հավաքված հարկերի ռեկորդային թվերից ամեն օր պատմող վարչապետն ինքն իրեն հասցրել է նրան, նրա անվտանգությունն ապահովելու համար բոլորի աչքի առաջ ստուգում են, թե մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցելիս մեխակի մեջ ռումբ դրել են, թ՞ե ոչ:

 

Քանի որ չենք կարծում, թե նախկինում ավելի շատ հարկ է մտել պետական բյուջե կամ ավելի նպատակային օգտագործվել, հետևաբար չենք էլ կարծում, թե վարչապետն այդքան վախենում է իր սոցիալական քաղաքականությունից դժգոհ մարդկանցից: Եթե Նիկոլ Փաշինյանը կամ մետաղորոնիչի միջոցով առավելագույնը ծաղիկների հանդեպ ինքնահաստատվող նրա շրջակայքը սպառնալիք են զգում ընդդիմադիրներից, ապա նրանք նույն վտանգը պետք է զգային դեռ 5 տարի առաջ՝ հեծանիվ քշելիս կամ տիկնոջ ֆոտոապարատից թաքնված «ախռաննիկների» հսկողության ներքո փողոցից աղբ հավաքելիս: Իսկ եթե մտավախությունն այն է, որ Փաշինյանի համար ռումբ էր դրվել ջահերով երթի մասնակիցների կողմից, ապա ամեն ինչ ավելի քան տխուր է:

 

Բայց այս ամենի մեջ վիրավորական ու ամոթալի, անբացատրելի ամոթալի բան կա: Չ՞է որ մենք այսքան տարի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի, դրա հետ կապված արարողությունների, այնտեղ խոնարհված յուրաքանչյուր ծաղիկի հանդեպ այլ վերաբերմունք ենք ունեցել, պահանջատիրոջ ու չմոռացողի նուրբ վերաբերմունք, չ՞է որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը սրբավայր է:

 

Իհարկե հասկանում ենք, որ այդ վերաբերմունքը որոշ տիկնանց համար «անիմաստ սգավորի» կերպար է ձևավորում: Հասկանում ենք, որ նրանց համար ավելի բարոյական, ապրելու ուժ տվող ու կյանքի շարունակությունն իմաստավորող կլիներ, եթե ծաղիկները կանգնեցվեին պատերի տակ ու վարչապետի անվտանգության աշխատողները նրանց հատ-հատ «շմոն» անեին: Բայց իսկապես ամոթ է, երբ արդեն շաբլոն դարձած միջազգային ցավակցական ուղերձները եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ ավելի անկեղծ ու հոգեբուխ են թվում, քան երկրիդ ղեկավարի այցը:

 

Սարսափելի է, երբ հոգևոր արժեքների հանդեպ անհարգալից են գտնվում հներից ու նորերից, իշխանությունից ու ընդդիմությունից հոգնած, բայց այդ արժեքներով ապրող, դրանց պահպանումը, միջազգային ճանաչումն իրենց կյանքի իմաստը դարձրած մարդկանց աչքի առաջ։

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական