Ապրիլի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից Թբիլիսիի Վասո Աբաշիձեի անվան պետական թատրոնում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման հուշ-երեկո, հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիորգի Վոլսկին, Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, այլ հյուրեր։
Հիշատակի միջոցառմանը ելույթով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Վերջինս ընդգծեց հիշողության, պատմության հետ առերեսման և ճանաչման առանցքային նշանակությունը՝ անցյալում մարդկության դեմ կատարված ոճրագործությունների կրկնությունը բացառելու հարցում։ Այս համատեքստում ՀՀ դեսպանը կարևորեց նաև ազնիվ երկխոսության ապահովումը՝ որպես առկա բոլոր տարաձայնությունների լուծման միակ արդյունավետ եղանակ։
Խոսքով հանդես եկավ նաև Գ.Լեոնիձեի անվան վրացական գրականության պետական թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն: Վերջինս ընդգծեց ներման և հաշտեցման կարևորությունը, բայց ոչ մոռացության կամ պատմական հիշողությունից հրաժարվելու գնով, քանի որ հենց հիշելու և անցյալը չմոռանալու մշակույթն է, որ մեզ դարձնում է մարդ։
Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ նկարչուհի Իռենա Օգանջանովան հուշ-երեկոյի հյուրերին ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը։ Միջոցառմանը իրենց բարձր կատարողական արվեստով հանդես եկան սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, երիտասարդ դաշնակահարներ Անահիտ Ստելմաշովան և Արսեն Կարապետյանը։
Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի թեմի միտրոպոլիտ Բարձրաշնորհ Նիկոլոզ Փաչուաշվիլին և Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը իրենց աղոթքները վերառաքեցին առ Աստված՝ հայցելով հընթացս հայոց Մեծ Եղեռնի վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված Սուրբերի բարեխոսությունը: