Հայկական կոնյակը բրենդ է, և մենք ԵՄ ծրագրերից մեկի շրջանակում աշխատում ենք հենց Armenian brand-ի կայացման համար, և սա մեզ համար շատ թանկ է, և շատ փոքր մտածողություն կլինի, եթե մենք մեր գործողություններն այդ ծրագրի շրջանակներում սահմանափակեինք: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իմ կարծիքով՝ մենք թերևս 2025 թվականից պետք է գնանք հետևյալ ճանապարհով. ցավոք, մինչ այդ Հայաստանում չենք ունեցել իզոտոպային լաբորատորիա, փորձենք այս ընթացքում այդ կարողությունը ստեղծել, եթե չհաջողվի, ապա կդնենք պարտադիր պահանջ եվրոպական երկրներում իզոտոպային լաբորատորիայի: Այսինքն՝ Հայաստանից եթե, օրինակ, որևէ կոնյակի սպիրտ կարտահանվի, կունենա լաբորատոր փորձաքննությամբ փաստաթուղթ, որ, օրինակ, շվեյցարական այսինչ իզոտոպային լաբորատորիայում այս տակառի կոնյակն անցել է փորձաքննություն, և ապացուցվում է, որ դա խաղողից ստացված կոնյակի սպիրտ է»,- ասաց Պապոյանը:
«Ես ուզում եմ նշել, որ մեր տնտեսական քաղաքականության նպատակն այնպիսին է, որ և՛ արտահանվող ապրանքների և ծառայությունների, և՛ Հայաստանում իրացվող ապրանքների և ծառայությունների որակը անընդհատ բարձրանա և լինի պատշաճ մակարդակի վրա, և մենք կարողանանք բոլոր երկրներում՝ և՛ Ռուսատսնաում, և՛ Միացյալ Նահանգներում, և՛ ԵՄ-ում, և՛ Մերձավոր Արևելքում վաճառել ապրանքներ, և մեզ նվազագույնը որակի հետ կապված հարցեր չհնչեն, իսկ հնչելու դեպքում մենք, որպես պատասխան, ցույց տանք միջազգային լաբորատորիաների փորձաքննության արդյունքները»,- ասաց Պապոյանը:
Արձագանքելով այն հարցին, թե ռուսական մամուլում հայկական կոնյակի մասին հնչող դժգոհությունների մեջ քաղաքական միտում տեսնո՞ւմ է, ասաց. «Ես էկոնոմիկայի նախարարն եմ, և իմ լիազորությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի իմ նշած խնդիրները հենց այս մակարդակում լուծվեն»: