Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հաստատումից հետո ներկայացվելու է Կառավարություն: Որոշմամբ հստակեցվել են նաև Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության ժամկետները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է երաշխավորել Հանրային խորհրդի կողմից Փաստահավաք հանձնաժողովի տեսքով փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողովի կազմավորումը և գործունեության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի անդրադառնալ և անցյալում տեղի ունեցած իրադարձություններին և միջոցներ ձեռնարկել անձանց խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Թեմայի շրջանակում վարչապետը հավելել է. «Այո՛, սա և՛ քաղաքական հանձնառություն է, և՛ անհրաժեշտություն: Բայց ես գիտեմ, որ նաև կլինեն քննադատություններ, որ սա ուշացած որոշում է: Եվ այդ քննադատությունը ոչ օբյեկտիվ անվանել դժվար կլինի: Այս ընթացքում մենք փաստահավաք գործառույթ ունենալու քաղաքական կամքի հետ որևէ խնդիր չենք ունեցել, բայց այս վերջին 6 տարիների ընթացքում անընդհատ քննարկվել է, և ամեն անգամ ինստիտուցիոնալ բնույթի պրոբլեմներ են եղել, թե որ մարմնում ինչպես ձևավորվի, ինչպես աշխատի, որտեղ լինի: Այդ հետաձգումը եղել է բացառապես սրա հետ կապված, որպեսզի նաև նրա աշխատանքի լեգիտիմության հետ կապված խնդիրներ չառաջանան, սահմանադրականության հետ կապված խնդիրներ չառաջանան և այլն: Մյուս կողմից էլ պետք է արձանագրել, որ այն փաստերը, որոնք ենթադրաբար պետք է ուսումնասիրի հանձնաժողովը, այդ փաստերն իրենց տեղում են: Այսինքն՝ այդ փաստերը 3 տարի առաջ էլ էին այն նույն տեղում, ինչ հիմա են: Այդ փաստերը ոչ մեկ չի վերցրել և «ա» կետից «բ» կետ չի տեղափոխել: Որոշում կայացնելը դեռ հարցի մի մասն է, պետք է նաև արդյունավետ իրագործվի: Հույս ունեմ, որ դրա արդյունավետ իրագործումը նույնպես տեղի կունենա: Քանի որ խոսքը օրենքի նախագծի մասին է, խորհրդարանական հարթակում, համոզված եմ, որ շատ ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, և նաև մեր հանրությունը դրա մասին առավել մանրամասն տեղեկություններ կստանա»: