Հետևեք մեզ։

«Կովը չի ծնում, կաթը էժան է, ցեղականները սատկում են»․ խելացի անասնագոմերի թերի կատարված ծրագիրը․ «Հետք»

23:45, 22 օգոստոս 2024
«Կովը չի ծնում, կաթը էժան է, ցեղականները սատկում են»․ խելացի անասնագոմերի թերի կատարված ծրագիրը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․

«Վարազդատ Հայրապետյանը Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում է ապրում։ 2018թ․-ին Հայաստան է եկել Ուկրաինայի Օդեսա քաղաքից։ Վարազդատը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել, որի համար Էկոնոմիկայի նախարարությունը 17․5 մլն դրամ է հատկացրել, ինքն էլ 22 մլն դրամ է ներդրել։ «Ասացին՝ գոմը կարող եք գրավ դնել, գումար վերցնել, որպեսզի անասուն առնեք, բայց այնպես ստացվեց, որ բանկը վարկ չտվեց։ Ստիպված մեքենաներս, տունս գրավ դրեցի, ցեղական անասուն գնեցի։ Պահել եմ մի երկու տարի, բայց անասուններից հինգը հիվանդացան, սատկեցին, այդպես խնդիրների առաջ կանգնեցինք»,- պատմում է Վարազդատը։ Նա 20 մլն դրամով 20 տոհմային անասուն էր գնել, ասում է՝ պետությունից այս հարցում աջակցություն չի ստացել, միայն խոստացել էին՝ կաջակցեն, կաթը կվաճառի, բայց այդպես էլ չաջակցեցին։ Տոհմային անասունները Սպիտակից էր առել։ Հինգը սատկել է, մնացածը վաճառել է, ասում է՝ էլ ուժ չունեի։ «15-ը վաճառեցի, հազիվ վարկերն եմ փակում, ինչ ունեմ-չունեմ՝ վաճառել եմ արդեն, ամիսը 600-700 հազար դրամ վարկ եմ տալիս, դեռ մի տարի էլ ունեմ փակելու։ Այդքան ծախսեցինք, հավատացինք, չարչարվեցինք, հիմա չգիտեմ՝ արդեն ինչ անեմ, Աստծո հույսով եմ»,- ասաց Վարազդատը։


Էկոնոմիկայի նախարարությունը դատարան է դիմել՝ պահանջով, որ 17․5 մլն դրամը վերադարձնի պետական բյուջե։ Նախարարությունը կարծում է, որ խախտվել են պետական օժանդակության ծրագրի պայմանները՝ անասնաշենքը առնվազն հինգ տարի նպատակային չի օգտագործվել։ Բացի այդ՝ ֆերմերը ծրագրի ընթացքում հաշվետվություններ չի ներկայացրել։ «Խելացի անասնաշենքեր»-ի պետական աջակցության ծրագրում նշված է, որ վերոնշյալ կետերի խախտման դեպքում շահառուն պարտավոր է պետական աջակցությամբ տրամադրված գումարը, այս պարագայում՝ 17․5 մլն դրամը, վերադարձնել պետական բյուջե։ Դատարանը որոշել է բավարարել էկոնոմիկայի նախարարության պահանջը՝ ֆերմերից պետք է գանձվի պետական օժանդակությունը։


«Խելացի» անասնաշենք․ ինչի՞ մասին է այս ծրագիրը


«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, տեխնոլոգիական ապահովման միջոցով բարելավել կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Տավարաբուծության և գոմշաբուծության զարգացմանն աջակցող ծրագրում նշվում է՝ կենդանիների հատուկ պայմաններում պահելու և տեխնոլոգիաների կիրառման պարագայում կավելանա կաթնատվության մակարդակը։


«Կենդանիների պահվածքի և խնամքի ոչ ճիշտ կազմակերպումը, նորմավորված կերակրման բացակայությունը, ինչպես նաև սանիտարահիգիենիկ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին։ Այսինքն, ցածր արտադրողականության գլխավոր պատճառը, հիմնականում, արտադրության հանդեպ էքստենսիվ (տարածված) մոտեցումն է, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների, կառավարման, տեղեկատվության և գիտելիքների պակասը»,- նշված է ծրագրում։ Ըստ ծրագրի հեղինակների՝ «խելացի» անասնաշենքերի պարագայում կաթնատվության մակարդակը կբարձրանա, որը կնպաստի արտադրողականության աճին, տնտեսվարողների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի ավելացմանը։


Ծրագրով շահառուներին առաջարկվում է երեք մոդել՝ կառուցման և վերակառուցման համար։ Նշված մոդելների գնի, տարողունակության և չափերի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված վիզուալի միջոցով։


«Չորս կով սատկել է, թե ինչու՝ չգիտենք։ Անալիզ ենք հանձնել, բայց այդպես էլ պատճառները չիմացանք»


Սնանկացած ֆերմեր Վարազդատը միակը չէ, որի ցեղական կովերը սատկել են։ Կոտայքի մարզի Արգել գյուղում Արմեն Գասպարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել։ 17․5 մլն դրամ պետական աջակցություն է ստացել։ Ասում է՝ անասնաշենքը կառուցելու և կովերը գնելու համար 100 մլն դրամից ավելի գումար է ծախսել։ Եվրոպայից 42 հատ «Շվից» ցեղատեսակի կով է բերել, որոնցից 41-ը՝ հղի։ 10-ը վիժել են, իսկ մնացած հորթերը թերզարգացած են ծնվել։ Ֆերմերը ենթադրում է, որ արհեստական բեղմնավորումը Եվրոպայում գուցե լավ չեն արել։ Չորս կով էլ սատկել է։


«Հիվանդություն էր շուտ ընկնում մեջները։ Հոդերի, կճղակների հետ կապված խնդիրներ կային։ Անընդհատ բժիշկ էինք կանչում, կովը թույլ էր։ Դրսից բերածների հետ անընդհատ կային այդ խնդիրները։ Մի խոսքով, չէր արդարացնում իրեն։ Վաճառել ենք կովերը, գոմը կա, բայց դատարկ է, չենք զբաղվում անասնապահությամբ»,- ասում է Արմենը։


Նրա պատմելով՝ օրական 20 լիտր կաթը լավագույն արդյունքն էր, դա էլ այն դեպքում, եթե կովը նորմալ էր ծնել. «Մեկ լիտր ջուրը ավելի թանկ էր, քան թե կաթը, 230-250 դրամով ենք վաճառել»։


«Ասում էի՝ ունեմ գոմ, կով չունեմ, օգնեք կով բերեմ»


Արմեն Սարգսյանը անասնաշենք է կառուցել Վայոց ձորի մարզի Հորբատեղ գյուղում։ Առաջին մոդելի անասնաշենքի համար Էկոնոմիկայի նախարարությունը 5․5 մլն դրամ է հատկացրել, նույնքան էլ ինքն է ծախսել։ «2023-ի գարնանը Էկոնոմիկայի նախարարությունից հյուրեր էին եկել Կարմրաշեն գյուղ՝ ժողովի, գնացել էի, ասում էի՝ ունեմ գոմ, կով չունեմ, օգնեք կով բերեմ։ Հեռախոսահամար տվեցին, որ զանգեմ, խնդիրներս ներկայացնեմ, մինչ այսօր պատասխանող չկա, էլ ի՞նչ դիմեի»,- ասում է Արմենը։


Նա փորձել է տոհմային անասուն գնել, խոսել է ներկրողների հետ, բայց այդպես էլ չի ստացվել։ «33 հատով էին ներկրում՝ մեկ ֆուռի մեջ, ինձ էլ պետք էր 7 հատ։ Ուրիշները հրաժարվեցին ներկրել, որ պետք է գտնեին, իրենց հետ բերեի։ Ես էլ 3․5 միլիոն դրամով տեղական անասուն գնեցի՝ 9 հատ։ Մեկը ընկավ, ոտքը ջարդեց, մյուսը գլորվեց։ Այդպես երկու անասուն կորցրի։ Հիմա 7 հատ ունեմ, դրանցով եմ զբաղվում»,- ասում է Արմենը։


Տեղական շուկայից տոհմային անասուն գնելու մասին մեր հարցին ի պատասխան՝ նշում է․ «Իրենք ասում են՝ արհեստական բեղմնավորումը իդեալական է արվում, բայց գնողներից հարցնում եմ, ասում են՝ պետք է 25 լիտր կաթ տա, բայց 15 լիտր հազիվ է տալիս։ Պատճառաբանում են, որ լավ չեք կերակրում»։


Տեղական անասունից էլ ֆերմերը դժգոհ չէ, 19 լիտր կաթ է ստանում օրական, պանիր է պատրաստում և ծանոթների շրջանում վաճառում։ Միայն նեղսրտում է, որ գները նվազել են, եկամտաբերությունն առաջվանը չէ։ «Կաթ մթերողները ժողովի ժամանակ ասում են՝ 200 դրամով են մթերում, «խելացի» անասնագոմի դեպքում 250 կլինի, բայց սուտ է, այդպիսի բան չկա։ Ես կաթի ապարատով կթում եմ, տանում եմ, ասում՝ ընդունեք, 150 դրամ են առաջարկում, բա էլ ինձ պե՞տք է»։


Կաթը էժան է, ծախսը՝ շատ․ «Ես չեմ ուզում հարստանամ, գոնե կովերը չսատկեն»


Զարզանդ Մարգարյանը երրորդ մոդելի անասնաշենք է կառուցել Վայոց ձորի մարզի Զառիթափ բնակավայրում։ Անասունները Հոլանդիայից է բերել, ամեն կովի համար 2350 եվրո է վճարել։ Այժմ 33 կով և 15 հորթ է պահում։ Մեկ լիտր կաթը 220 դրամով է վաճառում, ասում է՝ էլի լավ է, բայց ձեռնտու չէ։ Մեկ անասունի օրական միջին ծախսը, իր հաշվարկով, 2200 դրամ է, եթե գումարի աշխատակցի վճարը, կոմունալ ծախսերը, եկամուտը ցածր է։ «Չեմ ասում՝ հարստանամ, գոնե իրենց պահեն, չսատկեն։ Անցած տարի կաթը 130 դրամով էին տանում, չէի կարողանում կեր առնեի, կովերը նիհարել էին, քիչ էր մնում՝ սատկեին»,- պատմում է Զարզանդը։


Կովերի արհեստական բեղմնավորումն ակնկալվող արդյունք չի տվել։ Մեկուկես տարվա ընթացքում մի քանի անգամ արհեստական բեղմնավորում են արել, ամեն անգամ ֆերմերը 10 հազար դրամ է վճարել, բայց այդպես էլ արդյունք չի եղել։ Զարզանդի խոսքով՝ եթե ամեն ինչ նախատեսվածով լիներ, ապա պետք է բոլորը ծնեին, իսկ իր եկամուտը՝ կրկնապատկվեր, բայց ընդամենը հինգ կով է ծնել։ Չգիտի՝ ինչու չի ստացվում։ Երկու տարբերակ կա՝ կա՛մ սերմերը լավը չեն, կա՛մ անասնաբույժներն իրենց գործը լավ չեն անում։ «Այս խնդիրներին լուծում է պետք։ Անասնաբույժներին մի քիչ փող տվեք՝ ֆերմաներին մի քիչ ուշադրություն դարձնեն, եթե սրանք չի լինում, սուտ ա խելացի անասնաշենքը, անասուններ պահելը»,- ասում է Զարզանդը։


«Ներկրված տոհմային կովերը հիվանդանում են, սատկում»․ Գեղարքունիքի մարզի ֆերմերների խնդիրները


Մեր ուսումնասիրության ընթացքում այցելեցինք անասնապահությամբ առաջատար Գեղարքունիքի մարզի այն ֆերմերներին, որոնք օգտվել են «Խելացի անասնաշենք» պետական աջակցության ծրագրից։ Գեղարքունիքում 10 «խելացի» անասնաշենք է կառուցվել։ Ճամբարակ համայնքում՝ 7 հատ, մեկական անասնաշենքեր էլ՝ Ծովագյուղում, Հայրավանքում, Խաչաղբյուրում։ Մինչ մարզ այցելելն ուրվագծվեցին այն խնդիրները, որոնց բախվել են ֆերմերները։


․Ներկրված տոհմային կովերը հիվանդանում են, սատկում։
․Հայաստանում արհեստական բեղմնավորմամբ կենդանիների վերարտադրությունը սահուն չի ընթանում։
․Տոհմային կովեր ներկրելու դժվարություններ կան։
․Կաթի գինը ցածր է»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։