Նախորդ գիշեր ՀՀ ոստիկանությունը գործողություն է իրականացրել երևանյան Պոլիգրաֆ ակումբում։ Ակումբի անձնակազմը հայտարարություն է տարածել և ներկայարցել դժգոհություններն ու իրենց գնահատմամբ՝ ոստիկանության ապօրինի գործողությունները․
«Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու, ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։
Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև՝ ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։
Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա։
Կոչ ենք անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները՝ ոտքի կանգնել մեզ հետ և բարձրաձայնել այս անարդարության դեմ»։
Այս գործողության առնչությամբ այսօր Ազգային ժողովում հարց տվեցին ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանին, ով վստահեցրեց, որ եթե ոստիկանության ծառայողները անհամաչափ գործողություններ են իրականացրել, ապա դրան ընթացք կտրվի։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ