Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ․
«Սիրելինե՛ր,
այսօր ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է, որով հռչակվեցին մեր վերանկախացած պետության ուղղությունը, իղձերն ու երազանքները, որով հիմքը դրվեց մեր նոր պետականության, և թե ինչ արժեքներ է դավանում նորաստեղծ պետությունը։
Փաստացիորեն դառնալով մեր նոր պետության ծննդյան վկայականը՝ Անկախության հռչակագիրը ծնվեց չափազանց ծանր պայմաններում, սակայն, հակառակ բոլոր դժվարությունների, այն սահմանեց մեր գոյության իրավունքը և միևնույն ժամանակ խտացրեց մեր ազատության և անկախության տեսիլքը և պատմական արդարությունը վերականգնելու ձգտումը։
Մեզ համար մեր պետությունը մեր միակ ու բարձրագույն վայրն է, միջավայրն ու կառույցը, որը մենք ստեղծել ենք մեր ձեռքերով ու ջանքերով, մեր հազարավոր քույրերերի և եղբայրների արյան գնով՝ ցանկանալով հավատարիմ մնալ այն տեսիլքին, որն ունեցել են մեր նախնիները և որով ուրվագծել են մեր գալիքը;
Դժբախտաբար, այսօր մեր իսկ պետության մեջ կանգնած ենք առավել ծանր մարտահրավերների առջև, երբ գողացված են մեր պատիվը, մեր կենսագրությունը, մեր իղձերն ու երազանքները, երբ հանձնված է մեր հայրենիքը՝ Արցախ աշխարհը, երբ անվտանգ չեն մեր պետության սահմանները, երբ բոլոր առումներով խախտված են քաղաքացիների իրավունքները, երբ հարցականի տակ է դրված Ցեղասպանության ճանաչումը, երբ ամբողջովին խախտված են թե՛ Անկախության հռչակագրի, թե՛ նրանից բխած մեր Սահմանադրության դրույթները, երբ չարիքի կողմից զավթված է մեր պետականությունը և վերջապես, թշնամու թելադրանքով ու պահանջով փորձ է արվում փոփոխության ենթարկել մեր Սահմանադրությունը, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը՝ Անկախության հռչակագրին։
Փաստորեն, այսօր վերստին կանգնած ենք մեր համբուրելի պետությունը վերանկախացնելու և վերաազատագրելու իրականության առջև։
Այո, մենք պետք է հասկանանք, որ սեփական պետականություն ունենք և որ կոչված ենք այն դարձնելու մեր Ավետյաց երկիրը, մեր իղձերի ու երազանքների իրացման և իրականացման սրբազան երկիրը՝ հայացքներս ուղղած մեր իսկ ժողովրդի ներուժին և կարողականությանը, հոգևոր և բարոյական հիմքերին՝ առանց դրսի որևէ ուժի թելադրանքի կամ պարտադրանքի և կամ նրանցից ողորմություն մուրալու հոգեբանության, այլ արտաքին հարաբերություններում վերադառնալու կանխատեսելի և վստահելի գործընկերոջ կարգավիճակին։
Անկախության հռչակագրին համահունչ՝ մենք կոչված ենք սեփական հայկական օրակարգով կրելու բոլոր պարտավորություններն ու պատասխանատվությունները, որ ենթադրում և թելադրում է ազատ և անկախ պետականություն ունենալու մեծ գաղափարը։
Մաղթում եմ, որ մեր պետությունը թե՛ ներսից, և թե՛ արտաքին մարտահրավերների առջև մնա խաղաղ և հաստատուն, հավատարիմ իր ճանապարհին և իր Աստծուն, և մենք կարողանանք ունկնդիր լինել աստվածային խոսքին, թե «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծո ժողովուրդ, և ապրեք՝ որպես ազատներ»։
Շնորհավոր մեր Անկախության հռչակագրի օրը և թող Աստված զորացնի Հայաստանի Հանրապետությունը և մեր ողջ ժողովրդին՝ նոր հաղթանակների և նոր կյանքի տեսիլքով, հոգևոր Հայաստանի հաստատումով և հիմնադրումով՝ մեր կյանքի նոր ճանապարհի մեջ»։