ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են Երևան քաղաքում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրացման նպատակով առերևույթ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեպքի հանգամանքները։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցի 19 Ա հասցեում գործող «Պոլիգրաֆ» ակումբում իրականացվել է թմրամիջոցների ապօրինի իրացում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ապրիլի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել է նախաքննություն:
Նախաքննական մարմնի որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության ՆԳՆ համապատասխան ծառայության աշխատակիցների հետ միասին, ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվել և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին է տեղափոխվել 41 անձ։ Վերջիններս որպես ձերբակալված հարցաքննվել են, ապա ազատ արձակվել։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Նշված անձանց մոտ հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ