Հետևեք մեզ։

«Արցախը Հայաստան է և վերջ»-ը նպատակ ուներ կանխելու Արցախին Հայաստանի դեմ հանելը. Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)

17:40, 25 ապրիլ 2023

ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համարում է, որ ռուսները պետք է զբաղվեն Արցախը Հայաստանին կապող միջանցքի և կամուրջի բացման հարցով, քանի որ դա իրենց պատասպանատվության գոտին է։

 

«Դրա վերաբերյալ իշխանության քայլերը ակնհայտ երևում են. մենք պահանջում ենք, որ պիտի վերացվի, դա անօրինական է։ Ինքներս էդպիսի հնարավորություն՝ գնանք, ջարդենք, փշրենք, հանենք իրենց էնտեղից՝ չունենք, բայց գիտենք, որ ռուսական ազդեցության գոտի է, էնտեղ Ադրբեջանն իրավունք չունի մտնելու, և հայտնի է, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց՝ իրենք անտեղյակ են, և հիմա բանակցում են, որպեսզի Ադրբեջանը դուրս գա այդտեղից։

 

Մի քիչ թերահավատ եմ, բայց համբերենք, միգուցե Ռուսաստանը էս անգամ մի քայլ անի՞, գոնե»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Վիգեն Խաչատրյանը։

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմից առաջ Ստեփանակերտում արած այն հայտարարությանը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», Խաչատրյանն ասաց, թե Փաշինյանը «Արցախը Հայաստան է, և վերջ» ասելով՝ նպատակ ուներ կանխելու Արցախին Հայաստանի դեմ հանելուն։

 

Հիմա՞ էլ է Արցախը Հայաստան, և վերջ, ՔՊ-ական պատգամավորը ասաց․ «Հարցեր եք տալիս, որի պատասխաններն ինձնից լավ գիտեք՝ Արցախը Արցախ է, և վերջ»։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ