ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն այսօր՝ Hayastan.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Արամ Նիկոլյանի կողմից Ադրբեջանի դրոշը վառելու «միջադեպին»՝ ասաց, որ դա բացասական է ազդել Հայաստանի վարկանիշի վրա։
«Որովհետև, եթե մինչև այդ պահը մենք գործնականում ստացել էինք ծանրամարտի աշխարհի առաջնություն անցկացնելու իրավունքը, այդ պահից հետո ահագին բան փոխվեց, և սկսեցին կարկամել, կասկածել՝ տա՞լ մեզ, թե՞ չտալ։ Խոսքը 2024 թվականի աշխարհի առաջնության մասին է, որ պիտի Երևանում կայանա։ Հիմա ամեն ինչ անում ենք, ու նաև սկզբունքի հարց է, որ ապացուցենք, որ մենք կարող ենք նաև աշխարհի առաջնություն անցկացնել»,-ասաց Գիլոյանը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ եթե այս իշխանության քաղաքականությունն այս տեմպերով շարունակի, մենք կարող է ընդհանրապես Հայաստանի Հանրապետություն չունենալ, Գիլոյանն ասաց․ «Այսինքն՝ ուզում եք ասել, որ Հայաստան չենք ունենալու, ու դրա համար աշխարհի առաջնություն չբերե՞նք։ Ունենալու ենք Հայաստան, շատ ուժեղ Հայաստան, և այդ առաջնություններն էլ անցկացնելու ենք, որ աշխարհին էլ ցույց տանք, որ մենք կարող ենք նաև այ այդ մակարդակի աշխարհի առաջնություն անցկացնել»։
Գիլոյանը նաև ասաց, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, ուստի ինքը չի կարող պատասխանել անվտանգային թեմաներով հարցերին։ «Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, ես գտնում եմ, որ ես՝ որպես սպորտի պատասխանատու, պիտի զբաղվեմ սպորտով»,-ասաց Գիլոյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն, այդ դեպքում, ինչո՞ւ իր գործով չի զբաղվում, ինչո՞ւ չի զբաղվում լրագրությամբ, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց․ «Դա Ձեզ է թվում՝ իր գործով է զբաղվում։ Հիմա Դուք էլ մի քանի տարի հետո կարող է ուրիշ բանով զբաղվեք, նշանակում է՝ ամբողջ կյանքում պետք է լրագրո՞ղ լինեք»։
Մանրամասները՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ