Հետևեք մեզ։

Մի շաբաթ, երկու շաբաթ դեռ կկարողանանք գոյատևել՝ դեղորայք, ալյուր կա․ շրջափակված Հին Շենի ղեկավար

12:05, 26 ապրիլ 2023
Մի շաբաթ, երկու շաբաթ դեռ կկարողանանք գոյատևել՝ դեղորայք, ալյուր կա․ շրջափակված Հին Շենի ղեկավար

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող Հակարիի կամուրջի վրա անցակետ տեղադրելուց և ճանապարհը փակելուց հետո լիակատար շրջափակման մեջ հայտնվեցին նաև Արցախի Հանրապետության Հին Շեն, Մեծ շեն, Լիսագոր և Եղծահող գյուղերը։ Իսկ Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը, հիշեցնենք, դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել են ադրբեջանցի «բնապահպանները»՝ շրջափակման մեջ գցելով ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտը, այնպես էլ Արցախի մյուս շրջանները։

Հին Շենի ղեկավար Սամվել Սարգսյանը Hayastan.news-ի հետ զրույցում նախ ասաց՝ իրենք սովոր են այս կյանքին, իրենց ճակատագիրն է այսպես ապրելը։ Անդրադառնալով խոսակցություններին և կարծիքներին, թե Ադրբեջանն արդյո՞ք սրանով ցանկանում է վերջնականապես շրջափակման մեջ թողնել Արցախն ու ստիպել, որ արցախցիները համաձայնեն ապրել Ադրբեջանի կազմում, նա ասաց. «Այդ հարցը ես կարող եմ տալ նման բան ասողներին կամ հարց տվողներին. իրենք համաձա՞յն են Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի դրոշի տակ ապրել։ Այդ քաղաքական հարցերը վերնախավին տվեք, խորհրդարանում նստած էդ պեդիկներին տվեք։ Մեռելը բերել` նշանակել եք հայ ազգի թագավոր, այդպես էլ անելու է, էլի, ի՞նչ եք ուզում․․․ Չէ, ստիպված չենք՝ ապրենք Ադրբեջանի կազմում, չերազեք»,-վրդովված արձագանքեց Հին Շենի ղեկավարը։

Նա մեղադրեց Հայաստանում ապրողներին, որ այնպիսի մարդկանց են բերել իշխանության, որ այսօր Արցախը այս իրավիճակին հասցնի․ «Դուք ընտրել եք, չէ՞, որ կարգը այ այդպիսին է ստացվել»։

-Ես չեմ ընտրել Նիկոլ Փաշինյանին։

-Դե, կներես, ցավդ տանեմ, ուղղակի իրավիճակը տեսնում եք, չէ՞, այս կարգը, որ այսպես է եղել։ 30 տարուց ավելի պայքարել ենք ու պայքարում ենք, հիմա բռնել եք սև ու սպիտակ եք արել, Ղարաբաղի ու Հայաստանի տարբերություն արել, հիմա էլ հարց են տալիս, թե ուզո՞ւմ եք մնաք Ադրբեջանի կազմում։

-Հայաստանի իշխանություններն ասում են՝ արցախցիները պիտի որոշեն, իրենք այլևս անելիք չունեն։

-Բա որ արցախցիներն են որոշում, ինչու՞ եք թողել՝ գնա ինքը այնտեղ փաստաթուղթ ստորագրի։ Բա գնացել է, ստորագրել՝ տվել, պլակատն էլ բերել գետի բերանին խփել, թե արդեն մուտք ես գործում Ադրբեջան։

-Ասում են՝ սա արդեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, Հայաստանն այլևւս անելիք չունի։

-Ա, դե, լավ էլի․․․ Իրենց աչքերը հանեք այդտեղ, ոչ թե ասեք՝ պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ ապրել․․․

-Ես ընդամենը իրենց տեսակետն եմ փոխանցում, որ ասում են՝ թող արցախցիները որոշեն։

-Մենք 30-35 տարի առաջ ենք որոշել, որ պիտի միասին ապրենք։ Նման հռետորական հարցեր, նման պրովոկացիոն հարցեր մի հնչեցրեք, իբր քիչ ենք խելագարված, հիմա էլի ամբողջ օրը խելագարության մեջ պիտի անցկացնենք։ Նման հարցեր չպիտի շարադրեք, չկա նման բան։ Ես 35 տարի առաջ եմ ասել՝ չէ, չենք ուզում Ադրբեջանի կազմում ապրել։

-Իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ են ասում, ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ։

-Այդտեղ ինչ մտածում են, ինչ ասում են, Արցախի ղեկավարությունն էլ կրկնում ա, էլի։ Նույն գլուխն է՝ մի ղազանի մեջ։

-Իսկ ուտելիքի, դեղորայքի պաշար ունե՞ք, որքա՞ն կբավականացնի։

-Դե, հլը որ կա, չգիտեմ՝ հետագայում ոնց կլինի, ինչ կլինի։ Մի շաբաթ, երկու շաբաթ դեռ կարող ենք գոյատևել դեղորայք է, ալյուր է։ 1988֊89 թթ․ արխիվները բացեք, տեսեք՝ այն ժամանակ գոնե մի քիչ էլի ճանապարհ է եղել՝ օդային, հիմա ոչ օդային կա, ոչ ցամաքային կա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ