ՀՀ գործող իշխանությունների կողմից բռնությունը, դաժան վերաբերմունքը ցանկացած ժամանակահատվածում մշտապես քննադատության է ենթարկվել, եւ այս համատեքստում համոզմունք ունեմ, որ, ինչպես միշտ, առավելագույնն է արվելու ՀՀ ստանձնած պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 3-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում, հաղորդում են ԱԺ-ից։
Ըստ Ռուստամ Բաքոյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թվականից առայսօր Հայաստանի դեմ կայացրել է 26 վճիռ, որոնցով արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) նյութական կամ ընթացակարգային բաղադրիչի խախտում: Այս վճիռների շարքում առանձնանում է ոստիկանության բռնության դեպքերին վերաբերող 12 գործ, որոնց ուսումնասիրությունը վկայում է նախկինում գործող արատավոր բարքերի մասին:
Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից առերեւույթ բռնություն գործադրելու կամ խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներից 22-ի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության 39 ծառայողի նկատմամբ: Քրեական վարույթներից 2-ը նախաքննության փուլում են, 17-ը՝ դատաքննության, իսկ 3-ով ոստիկանության 6 ծառայողի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Աշխատանքային քննարկման համար առաջնահերթություն համարվող բռնությունների կանխարգելմանը վերաբերող հարցի հետ մեկտեղ հանձնաժողովի նախագահի տեղակալն անհրաժեշտ է համարել դիտարկել ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը:
Ընդգծելով թմրաշրջանառության ծավալները կրճատելու նպատակով իրականացվող աշխատանքների շարունակական անհրաժեշտությունը՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ պետք է գտնել առկա խնդիրները կարգավորող առավել արդյունավետ ճանապարհներ եւ մեխանիզմներ:
Նա տեղեկացրել է, որ վերջերս Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման թիմը բարձր է գնահատել հատկապես ՀՀ ներքին գործերի նախարարության ստեղծումը, ինչպես նաեւ ոստիկանությունում համակարգային բարեփոխումների նկատմամբ հետեւողական մոտեցումը:
ՀՀ ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ խնդիրների գույքագրմամբ կկարողանան լուծել առկա հարցերը: Նա ընդգծել է, որ ոստիկանության համակարգի բարեփոխումների շրջանակում չափազանց կարեւոր է հատկապես ուժային միջոցների գործադրման մասով հստակ չափորոշչի ներդրումը ՀՀ-ում: «Մեր առաջնային խնդիրներից է խոշտանգման եւ վատ վերաբերմունքի, այլ դրսեւորումների արձանագրման մեխանիզմների ներդնումը Հայաստանի Հանրապետությունում»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ արդեն հստակ ձեւաթղթային տարբերակով գործընթացը գծագրվել է, եւ առաջիկայում կսկսվեն վերապատրաստման դասընթացները: ՆԳՆ տեղակալը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կներկայացվի Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ ձեւերի վտանգավորությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ուժի կիրառման համաչափության խնդրին, հատուկ միջոցների կիրառմանը:
Ելույթներում մասնակիցներն ընդգծել են, որ համակարգում առկա խնդիրներն արմատական, համակարգային լուծումներ են պահանջում: Անդրադարձ է կատարվել ուժեղացված ծառայությանը, տեսալսման ամբողջական համակարգ ունենալու անհրաժեշտությանը, պարեկների աշխատանքի գնահատման համակարգին, հանրային անվստահության վերականգնմանը, վիճակագրական բազայի ստեղծմանը, իրավագիտակցության բարձրացմանը, կրթությանը: Կարեւորվել է խորհրդարանական վերահսկողության ուժեղացումն իրավապահ համակարգի գործունեության նկատմամբ:
Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիրից եւ գործադիրից, դատական մարմիններից, ինչպես նաեւ մի շարք հասարակական կազմակերպություններից: