Կդժվարանամ պատասխանել, այդ հարցին, քանի որ խաղաղության պայմանագրի ընդհանուր բնույթին եմ ծանոթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին, թե որ կետի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ Հայաստանն ու Ադրբեջանը։
Հարցին՝ Ալմաթիի հռչակագրի ամրագրման շուրջ համաձայնության եկե՞լ են, Խանկանյանը պատասխանեց. «Իհարկե եկել են, մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ այդպես էլ պետք է մնա»։
Հարցին՝ եթե ինչ-որ պահի ստորագրվի խաղաղության պայմանագիրը, ՀՀ իշխանությունները վերջնականապես կհրաժարվե՞ն Արցախի հիմնահարցից, Արցախի հարցը փակվա՞ծ է, Խանդանյանը պատասխանեց. «Պայմանագրի նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է, կայունությունը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ ՀՀ-ն հայտարարել է, որ իր հարևաններից տարածքային պահանջներ չունի»։
Արցախցիների վերադարձի վերաբերյալ հարցին Խանդանյանն արձագանքեց. «Հումանիտար հարցերը քննարկման ենթակա են»։ Թե ՀՀ-ն ինչ կերպ է իրատեսական համարում արցախցիների վերադարձի հարցը, Խանդանյանը ասաց. «Այս պահին իրատեսական չէ ԼՂ հայրենակիցների վերադարձը, քանի դեռ… ես այս պահին չեմ կարծում, որ կարող ենք քննարկել այդ հարցը։ Ամենակարևորը անվտանգության հարցն է, որը լուծում չունի դեռ»։
Հարցին՝ ինչու է Արցախի փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասում, Խանդանյանը պատասխանեց. «Ես միշտ, իմ լրագրողական գործունեության մեջ ևս սովոր եմ եղել Լեռնային Ղարաբաղ ասել, կարող եմ Արցախ ասել, որևէ կոմպլեքս չունեմ»։