Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել է «Խորհուրդ ռուսներին. Զանգեզուրի մտացածին միջանցքը չի ստեղծվելու» վերտառությամբ հոդվածը, որում վերլուծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն առ այն, որ ՌԴ-ն կողմ է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սակայն, ինչպես ինքն է նշում, «ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները քանիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է միջանցքին, որը սահմանների փոփոխության կհանգեցնի։ Հատկապես ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունից հետո, թե «Զանգեզուրը երթուղի է, որը կարող է Ադրբեջանը Սյունիքի միջոցով կապել Նախիջևանին, և դրա ապաշրջափակումը կքննարկվի եռակողմ բանակցությունների շրջանակներում», թեման առավել մեծ ուշադրության արժանացավ։
Իրանական կողմը հաղորդում է, որ դիվանագիտական օղակներով ռուսական կողմին ուղերձ է փոխանցել. Իրանի ԱԳ նախարարի օգնական Մոջթաբա Դեմիրչիլուն Թեհրանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը նշել է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։
Այսպիսով, իրանական գործակալությունը մի քանի կետով ներկայացրել է Իրանի դիրքորոշումը այս հարցում։
Ըստ լրատվամիջոցի՝ ՌԴ ԱԳՆ-ն Իրանի սպասելիքներին հակասող հայտարարություններ է անում։
«Ռուսաստանը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով տեղեկացված է եղել Իրանի հստակ դիրքորոշման մասին. մենք դեմ ենք Զանգեզուրի և այլ միջանցքների բացմանը»։
Նշվում է, որ Իրանը չի ընդունի իր սահմանների մոտ որևէ փոփոխություն և որ Հարավային Կովկասի ոչ մի երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը չունի առավելություն մյուս երկրների նկատմամբ։
Մեկ այլ դիտարկմամբ գործակալությունը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչո՞ւ է հենց հիմա Ռուսաստանը հայտարարում միջանցքի մասին, երբ Իրանը հայտնել է իր հստակ դիրքորոշումը։
«Հաշվի առնելով Պուտինի և Իրանի պաշտոնյաների պայմանավորվածությունները՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը զարմանք է առաջացնում։ «Ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը պետք է վերասահմանել ռուս նախարար Լավրովի համար։
Նշվում է, որ իրանական կողմի դիմակայության արդյունքում Զանգեզուրի միջանցք չի ստեղծվի, քանի որ այն փակում է դեպի Եվրոպա Իրանի երքերից մեկը։
Գործակալությունը նաև հակամարտության սրում է կանխատեսում։ Մասնավորապես նշում է, որ արևմուտքը կդիմադրի միջանցք բացելու մտքին և այս հակամարտությունը սրման նոր օջախ կառաջացնի Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ։