Հետևեք մեզ։

Մայր Տաճարի պատմությունը

10:50, 05 սեպտեմբեր 2024
Մայր Տաճարի պատմությունը

Մայր Աթոռը ներկայացրել է Մայր Տաճարի պատմությունը.


«Բացառիկ է Մայր Տաճարի նշանակությունն ու  առաքելությունը հայ ժողովրդի ազգային-հոգևոր, մշակութային և քաղաքական կյանքում: Այն կառուցել է հայոց առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչը` համաձայն իր տեսիլքի, ըստ որի, Աստծո Միածին Որդին իջել է երկնքից և ոսկե մուրճով հարվածել գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է վեր խոյանա Միածնաէջ Տաճարը։


Մայր Տաճարի կառուցումն ավարտվել է 303 թվականի օգոստոսին: 

 

Տաճարի օծումն իրականացվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և անվանվել Աստվածածնի անունով: Այդ իսկ պատճառով Մայր Տաճարի տոնը նշվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը: Իր կառուցումից կարճ ժամանակ անց Էջմիածնի Մայր Տաճարը հռչակվեց Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հավատքի խորհրդանիշ` Կաթողիկե (ընդհանրական) Սուրբ Էջմիածին։

 

Չնայած Մայր Տաճարը դարերի ընթացքին բազմիցս ենթարկվել է վերանորոգության, սակայն Տաճարի հիմնական տեսքը համապատասխանում է Լուսավորչի տեսիլքում լույսով ուրվագծված կառույցին․ «Չորս սյուների խաչերի վրա իրար կապվեցին զարմանատեսք կամարներ, և դրանց վրա տեսա գմբեթաձև խորանազարդ ամպեղեն շինվածք՝ աստվածակերպ ու զարմանալի...»: 

 

Պատմության հոլովույթում բազմաթիվ փորձությունների և արհավիրքների է դիմագրավել  Կաթողիկե Սուրբ Էջմիածինը, սակայն  այսօր ևս կանգուն է իր անանց վեհությամբ՝ աշխարհի տարբեր ծագերից իր գիրկը  կանչելով աշխարհասփյուռ  հայորդիներին՝ առ միաբանություն ի Քրիստոս և առ հայրենիք»: