Հետևեք մեզ։

Փաշինյանին չեմ հավատացել, այլ մերժել եմ Սերժին, բայց զղջում եմ․ Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացուն ազատել են աշխատանքից (տեսանյութ)

17:29, 26 ապրիլ 2023

Երեկ երեկոյան Սայաթ-Նովա պողոտայում՝ ՔՊ-ի գրասենյակի դիմաց, քաղաքացի Սամվել Վարդանյանը, նկատելով Նիկոլ Փաշինայնին, գոռացել է՝ դավաճա՛ն։ Դրանից հետո ոստիկանները նրան տարել են ոստիկանության բաժին, խուզարկել, մի քանի ժամ պահել և բաց թողել։

 

Այսօր Սամվել Վարդանյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը միակը չէ, ում տեսնելիս ինքը «դավաճան» է վանկարկում։ Սրանից առաջ եղել են դեպքեր, որ իշխանության այլ ներկայացուցիչների, իր խոսքերով՝ տարբեր «մանր ձկների» է հանդիպել, դարձյալ նույն «պատվին» է արժանացրել։ Նա նաև ասաց, որ ինքը միշտ էլ ակտիվ է եղել, իր դիրքորոշումները միշտ հայտնել է, դեռ 2015 թվականից մշտապես մասնակցել է տարբեր ակցիաների, այդ թվում՝ նախորդ իշխանությունների դեմ, 2018-ին էլ մասնակցել է ապրիլյան հեղափոխությանը, որի համար այսօր զղջում է և անվանում դա «խեղափոխություն»։

 

«Ցավոք, մասնակցել եմ 2018 թվի ապրիլյան խեղափոխությանը։ Իրականում, Նիկոլ Փաշինյանին չեմ հավատացել, այլ մերժել եմ Սերժին, բայց, բնակաբար, զղջում եմ։ Աններելի սխալներ շատ են արել նախկինները, բայց իմ դիտարկումներով, իմ վերլուծություններով՝ առնվազն ակնհայտ պետական դավաճանություններ՝ չէ։ Ես շատ դեմ եմ եղել Սերժին, հանրապետականներին, նախկիններին, բայց եթե պատկերացնեի այն, ինչ եղավ 2018 մայիսից սկսած, բնականաբար, դուրս չէի գա ու չէի մերժի Սերժին»,-ասաց Սամվել Վարդանյանը։

Վարդանյանը, որը մասնագիտությամբ անգլերենի թարգմանիչ է, ասաց, որ իրեն երեկվա իր արարքից հետո ազատել են հյուրանոցում ադմինիստրատորի աշխատանքից, և վստահ է, որ պատճառը Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանելու մինի ակցիան է եղել։ «Ազատվելը մի քիչ հարաբերական է, բայց հա՝ երեկվա իմ ակցիան է եղել պատճառը։ Գործատուս խիստ ագրեսիվ արձանագեց, տհաճ խոսակցություն ենք ունեցել, բնականաբար՝ իմ աշխատանքն այդ դեպքում այլևս անհնար էր»,-ասաց նա։

 

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ