Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունը:
«Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը, և հիշեցնում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի հրամանը: Վերջինս նշում է, որ «Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով», - նշել են համազեկուցողները։
Հայտարարությունում նաև նշվում է, որ Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան՝ ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի երկայնքով անցակետի տեղադրման հարցով։
«Կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, որոնք կարող են ավելի բարդացնել բանակցային ջանքերը, որոնց ԵՄ-ն աջակցում է ամենաբարձր մակարդակով և Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։ Կոչ ենք անում ակտիվացնել սահմանային հարցերի շուրջ բանակցությունները և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով», - ասված է հայտարարությունում։
Մանրամասներն՝ «Արմենպրես»-ում։