Հետևեք մեզ։

COP 29 և Արցախ. էներգետիկ անցում և մոռացված էթնիկ զտումներ. «Լը Մոնդ Դիպլոմատիկ Բրազիլ» օրաթերթն անդրադարձել է COP 29-ին

19:23, 12 սեպտեմբեր 2024
COP 29 և Արցախ. էներգետիկ անցում և մոռացված էթնիկ զտումներ. «Լը Մոնդ Դիպլոմատիկ Բրազիլ» օրաթերթն անդրադարձել է COP 29-ին

Այս պահին, երբ մեծ ուշադրություն է կենտրոնացած COP 29-ի և դրա հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի վրա, ժամանակն է հաղթահարել ընտրովի կուրությունը և ճնշում գործադրել նրա ղեկավարների վրա՝ հարգելու միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները, գրել է «Լը Մոնդ Դիպլոմատիկ Բրազիլ» օրաթերթը՝ անդրադառնալով Բաքվում կայանալիք COP 29-ին:

 

COP 29. էներգետիկ անցում

 

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանն իր մայրաքաղաք Բաքվում կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP 29-ը: Այս տարվա հանդիպման նպատակն է արդեն համաձայնեցված նպատակների իրականացումը և արդար էներգետիկ անցման ֆինանսավորման սահմանումը:

 

COP-ը «հաշտության» և էթնիկ զտման մասին  

 

Ադրբեջանն ասում է, որ COP 29-ը պետք է լինի «Զինադադարի կոնֆերանս» ու նշում, որ  պատերազմները վնասում են շրջակա միջավայրին:    Սակայն Ադրբեջանը 2022-ի վերջին և 2023-ի կեսերին 9 ամիս շրջափակել էր Արցախը, հետո ներխուժել այնտեղ և բռնի կերպով տեղահանել 120 հազար մարդու (հիմնականում հայերին): Նրանք նաև ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին:    Հիմնավոր կասկածեր կան, որ Արցախից հայերի արտաքսումը կարող է համարվել ցեղասպանություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այս հարցը պետք է քննվի միջազգային դատարաններում: Շատերն են կարծում, որ Արցախում տեղի է ունեցել հայերի էթնիկ զտում:    

 

Ընտրողական կուրություն  

 

Միջին Արևելքում և Կովկասում, հատկապես Արցախում, տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս զինված հակամարտությունների միևնույն ողբերգությունները՝ քաղաքացիական անձանց տառապանք, սով, ջրի և դեղորայքի բացակայություն:   Արցախում Ադրբեջանը փակեց միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կապում էր տարածաշրջանը արտաքին աշխարհի հետ:

 

Չնայած միջազգային ճնշումներին, Ալիևի կառավարությունը ճանապարհը փակ պահեց ավելի քան 9 ամիս:  2023 թվականի փետրվարի 22-ին Միջազգային դատարանը որոշեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն Ադրբեջանը չհետևեց այս որոշմանը: Երբ Արցախի բնակչությունը թուլացած էր սովից ու տնտեսական դժվարություններից, Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց և վտարեց արցախիներին:

 

Այժմ, երբ ուշադրությունը կենտրոնացած է COP 29-ի վրա և այն տեղի է ունենալու Ադրբեջանում, ժամանակն է անդրադառնալ  ստեղծված իրավիճակին և պահանջել, որ ադրբեջանական կառավարությունը հարգի միջազգային իրավունքները: Բացի այդ, ազատ արձակի Բաքվում անօրինական կալանավորված քաղաքական բանտարկյալներին, իսկ քննարկումների մեջ ներառի  Արցախից վտարված 120 հազար մարդկանց փոխհատուցման հարցը: