Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետի տեղադրմանը և այս համատեքստում՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայության անհրաժեշտությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացնի ՀՀ ազգային ժողով:
Տարեկան հաշվետվությունը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում: Համավարակի և 44 օրյա պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022 թվականի տարեսկզբին։ Չնայած փետրվարի վերջերից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսական ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ ՀՀ տեղափոխման արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում՝ 2022 թվականին գրանցվեց 12.6% տնտեսական աճ: 2022 թվականին տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.9%-ը: 2022 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական շոկերին արդյունավետ արձագանքելու միջոցով մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայունության ապահովմանը: Այդ նպատակից ելնելով՝ տարվա ընթացքում կանխատեսվածից բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը պլանավորված չեզոք հարկաբյուջետային քաղաքականության փոխարեն իրականացրել է զսպող քաղաքականություն՝ միևնույն ժամանակ իրականացնելով տնտեսական ներուժի բարձրացմանը միտված միջոցառումներ և նպաստելով պարտքի կայունության ապահովմանը: Նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի և՛ եկամուտներում, և՛ ծախսերում արձանագրվել է աճ: Մասնավորապես՝ եկամուտներն աճել են 22.5% ով կամ 379.3 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված հարկային եկամուտների (ԱԱՀ-ի, շահութահարկի և եկամտային հարկի գծով) և պետական տուրքերի աճով, ծախսերը՝ 11.9%-ով կամ 238.3 մլրդ դրամով՝ մեծ մասամբ պայմանավորված կապիտալ ծախսերի աճով»,- մասնավորապես նշել է նախարարը:
Վահե Հովհաննիսյանը նշել է նաև, որ պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46.7%՝ կանխատեսված 60.2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13.6 տոկոսային կետով: ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար): Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական պարտքին, Ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե ինչքանով է պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազեցումը կախված փոխարժեքի հետ, ինչքանով է կապված պետական պարտքի կառավարման նոր գործիքների և նոր հարաբերակցության ներդրման հետ:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է և արտարժույթով պարտքի չափաբաժինն էականորեն նվազել է: «Սա թույլ է տալու նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և մենք դրամային պարտքի մասնաբաժինն ավելացրել ենք մոտ մինչև 40 տոկոս: Անցած տարի 28 է եղել, եթե չեմ սխալվում: 10 տոկոսից ավելի դրամային չափաբաժինն ավելացրել է: Դա մասամբ պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ: Եթե խոսենք պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազման մասին, ապա դրա մի մասը, իհարկե, պայմանավորված է դրամի արժևորմամբ, որովհետև մեր պարտքի զգալի մասն արտարժույթով է: Իսկ մյուս մասը, իհարկե, պայմանավորված է առաջանցիկ տնտեսական աճի տեմպերով: Մյուս կողմից նաև բյուջեի պակասուրդը, երբ ավելի ցածր է եղել մեր ծրագրվածի նկատմամբ՝ սա նույնպես ունեցել է իր ազդեցությունը: Մենք շարունակելու ենք և հիմա աշխատում ենք պարտքի միջնաժամկետ ռազմավարության վրա, որը շուտով կներկայացնենք կառավարություն, որտեղ կներկայացնենք, թե առաջիկա տարիներին ինչպես ենք պլանավորում կառավարել պարտքը և ինչպես ենք պատրաստվում առաջ գնալ՝ նվազեցնելով այն հիմնական ռիսկերը, որոնք առկա են այս ուղղությամբ»,-ասել է Ֆինանսների նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հորդորել է բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումներին ընդառաջ այս թեմայի վրա ավելի շատ կենտրոնանալ: «Սա հանրության համար հետաքրքրիր և զգայուն թեմա է: Մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք թեթև պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքային բեռ ունեցող երկիր: Այսինքն՝ այս տրամաբանությամբ պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են թեթև, միջին և մեծ պարտք ունեցող երկրների: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին համարվում է թեթև պարտք ունեցող, որովհետև Քովիդի շրջանում մեր այս կատեգորիայում որոշակի փոփոխություն էր եղել: Նաև մյուս կողմից՝ ինչն է կարևոր այս ցուցանիշով, երբ ՀՆԱ-ի նկատմամբ մեր պարտքերի կշիռն էականորեն նվազեցրել ենք: Այստեղ էլ մենք դիմակայունության մեծ պաշար ենք կուտակել, որովհետև անհրաժեշտության դեպքում, ընդ որում ոչ միայն ճգնաժամային իրավիճակում, կարող ենք նաև պետական շատ կարևոր ծրագրերի համար նոր գումարներ ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, խնդիրն այն է, թե պարտքն ինչպես ենք օգտագործում մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար, որովհետև և շատ կարևոր է, որ մենք մեր պարտքն օգտագործում ենք կապիտալ ներդրումներ իրականացնելու համար, որի նպատակը նոր միջոցների գեներացումն է»,-ասել է վարչապետը: