Հետևեք մեզ։

Ջրային ոստիկանությունը, մինչև մոտորանավակների ձեռքբերումը, ծառայությունը կիրականացի սկուտերներով. Փաշինյան

15:32, 27 ապրիլ 2023
Ջրային ոստիկանությունը, մինչև մոտորանավակների ձեռքբերումը, ծառայությունը կիրականացի սկուտերներով. Փաշինյան

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ներդրմամբ պայմանավորված: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկային ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկության ծառայություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ: Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Նախագծերի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը:

Ինչպես նշել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, օրինագծերի նպատակն է սահմանել անհրաժշետ նախադեպեր ջրային ստորաբաժանման ներդման համար: Այն կնպաստի նաև անվտանգ ու ապահով Սևանա լիճ ունենալու հարցի կարգավորմանը: «Մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են ցամաքային հատվածում Գեղարքունիքի պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Մասնավորապես, նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության, հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, լողամիջոցը վարելուց ոչ սթափ վիճակում գտնված անձանց մեկուսացնելու, հրդահային անվտանգության կանոնների ստուգման և այլ դեպքերի վերաբերյալ»,– ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ նշված կանոնները խախտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Բացի այս օրեսնդրական փոփոխություններից, հետագայում կարիք է լինելու վերանայել ենթաօրենսդրական դաշտը. «Ջրային պարեկները ոստիկանության առջև դրված խնդիրների շրջանակներում բնականաբար արձանագրելու են նաև վարչական այլ իրավախախտումներ ու հանցագործություններին: Խոսքը հատկապես վերաբերում է Սևանա լճի ավազանում ձկնագողության դեպքերին»: Վահե Ղազարյանը հավելել է նաև, որ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով՝ նախնական 95 հաստիքի միավորով, ներառյալ տեխնիկական անձնակազմը: Նշվել է նաև, որ արդեն մեկնարկել է ջրային պարեկների ծառայության համար դիմած դիմորդների լողալու և սուզվելու կարողությունների ստուգման գործընթացները։ Նախատեսվում է նաև պրակտիկա Սևանա լճի տարածքում։

Վարչապետը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այս աշնանն ամբողջ հանրապետությունում ավարտում ենք Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը: Մենք հընթացս նաև պիտի լուծենք Սևանա լճի հարցը: Այն, ըստ էության, հանրապետության միակ տարածքն էր, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չէր իրականացնելու: Դրա համար մենք որոշեցինք նաև Ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել, որը նաև Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանք կկազմակերպի, ինչը, կարծում եմ, ավելի արդյունավետ կդարձնի փրկարարական աշխատանքը»:

Անդրադառնալով ապօրինի ձկնորսության դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սևանի հետ կապված ավանդական պրոբլեմները դրա հետ են կապված: «Մենք այստեղ էլ քայլ-քայլ գնում ենք ինստիտուցիոնալ լուծումների: Տեղյակ եք, որ արդեն երեք տարի է Սևանա լճում գործում է սիգի որսի համակարգ, որով փորձում ենք գործընթացն ամբողջությամբ բերել օրինական դաշտ: Պետք չէ խուսափել խոստովանել, որ դա մեզ այսօր 100 տոկոս չի հաջողվել, բայց նաև մեր կանխավարկածն այն չէր, որ հիմա այս դահլիճում մի որոշում կընդունենք և դրանից ամբողջ կյանքը կփոխվի: Փաստ է նաև, որ մենք այդ հարցը փորձում են լուծել երկխոսության մեջ լինելով մեր հայրենակիցների հետ, ովքեր այդ գործով են զբաղված՝ լսելով նրանց և փորձելով ապահովել օրինականությունը: Նաև պետք է արձանագրենք՝ Պարեկային ոստիկանության ջրային ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը տեղեկացրել է նաև, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել ծառայության համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար: «Այս հարցում մենք նաև միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունենք, որպեսզի մոտորանավակներ ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված: Մենք խորհրդակցությունների մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ: Այս ընթացքում ձեռք կբերվի Ներքին գործերի նախարարության կողմից սկուտերներ, և Ջրային ոստիկանությունը, մինչև մոտորանավակների ձեռքբերումը, ծառայությունը կիրականացի սկուտերներով»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վերլուծական