Հետևեք մեզ։

66 համայնքում միջոցառումներ կլինեն Քաղաքացու օրվա առթիվ, կմասնակցի նաև Փաշինյանը. «Ժողովուրդ»

09:08, 28 ապրիլ 2023
66 համայնքում միջոցառումներ կլինեն Քաղաքացու օրվա առթիվ, կմասնակցի նաև Փաշինյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վաղը՝ ապրիլի 29-ին, գործող իշխանությունների կողմից տոն հռչակված Քաղաքացու օրն է: Դեռեւս 2019թ.-ին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության առաջարկած ««Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվեց որպես Քաղաքացու օր։

 

Հետաքրքրական է, որ Քաղաքացու օրը այս տարիների ընթացքում միայն մեկ անգամ 2019 թվականին է նշվել. այդ օրը Նիկոլ Փաշինյանը եւ մյուս պաշտոնյաները փակել էին Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներ եւ խորոված-փարթի էին կազմակերպել։ 2019թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն իրենք են մոռացել իրենց հռչակած տոնի մասին եւ իրենց թույլ են տալիս թքել քաղաքացու դեմքին Երեւանի կենտրոնում կամ սպառնում են կտրել մարդկանց ականջներն ու լեզուն, ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2020թ.-ին Քաղաքացու օրը չնշվեց համավարակի պատճառով, իսկ 2021թ.-ին՝ պատերազմի:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի այն կրկին մեծ շուքով կնշվի:

 

Այսպիսով, ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացանք, որ այդ օրը բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում՝ ընդհանուր առմամբ 66 համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ։ Միջոցառումները բաղկացած են 2 մասից՝ բանախոսություն եւ մշակութային միջոցառում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավորներից տեղեկացավ, որ պատգամավորներն անձամբ կմասնակցեն այդ միջոցառումներին, կմեկնեն մարզեր կամ Երեւանում կլինեն՝ ըստ ցանկության: Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը եւս մասնակցելու է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին, բայց թե որտեղ, կառավարությունից ասացին, որ դեռեւս հստակեցված չէ: Երեւի թե միջադեպերից խուսափելու համար Փաշինյանի գտնվելու վայրը նախապես չեն ասում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։