Հետևեք մեզ։

«Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»․ BBC-ն-ն զրուցել է Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների հարազատների հետ և հարցում ուղարկել Պետական անվտանգության ծառայությանը

15:37, 18 սեպտեմբեր 2024
«Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»․ BBC-ն-ն զրուցել է Բաքվում ապօրինաբար կալանավորված քաղաքական գործիչների հարազատների հետ և հարցում ուղարկել Պետական անվտանգության ծառայությանը

BBC-ն ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Բաքվում ապօրինաբար ազատազրկված հայ ռազմական և քաղաքական գործիչներին։


«Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ հետաքննությունն ավարտվել է, և որ նրանց գործերը շուտով կներկայացվեն դատարան։ Սա, թերեւս, առաջին հայտարարությունն էր նրանց ճակատագրի մասին ձերբակալությունից հետո։ Ձերբակալության կադրերից հետո նրանց մասին նոր կադրեր չեն հրապարակվել։ 2024 թվականի մարտին ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցի մասին։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաղորդումը եթերից հանվել է։ Այդ ժամանակից ի վեր նրանք չեն հայտնվել լրատվամիջոցներում»,- գրում է BBC- ն։

 

BBC-ն կապ է հաստատել ազատազրկված գործիչներից երկուսի ընտանիքի անդամների հետ։ «Նրան հարազատները հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են ազատազրկվածների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք BBC-ի հետ խոսել են անանունության պայմանով։


«Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի կիսում իր վիճակը մեզ հետ, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ինքս եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ գործչի որդին BBC-ի հետ զրույցում այսպես է նկարագրել իրավիճակը. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի մեջ չլինի»»:

 

Աղբյուրը նշում է՝ իրենց զրուցակիցները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։ 

 

««Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկը։ Նա ասում է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի օգնություն չի եղել»։

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ կազմակերպությունն է, որը գործնական մակարդակով հանդես է գալիս որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև, այն ֆիզիկական հասանելիություն ունի ազատազրկվածներին և ապահովում է նրանց կապը նրանց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ն տեղեկացնում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներին ազատզրկված անձանց իր այցելությունների մասին։ Վերջին անգամ նման այցեր գրանցվել են այս տարվա օգոստոսին։

 

«Հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն ընտրեց։ Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Ռուբեն Վարդանյանի կրած վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի կողմից 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո նրան պատժել են՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և փոխվելու հնարավորությունից»։

 

BBC-ն հարցում է ուղարկել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը նրանց պահման պայմանների վերաբերյալ, սակայն պատասխան չի ստացել։

 

«Հայաստանը ԱԳՆ մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններից չի նշում նրանց ազատ արձակումը։

 

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրության նորացման համար։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին COP29-ի մոտեցումը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։

 

COP29-ի հետ կապվածազատազրկվածների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ արեց նախագահ Ալիևին ազատ արձակել հայ ազատազրկված անձանց և ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար»,- նշում է BBC-ն և անդրադարձել հնարավոր դատավարություններին․

 

«Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են խաղալ ինչպես ի շահ նրանց, այնպես էլ ի վնաս: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի համար առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ համաձայնագիրը, սակայն առայժմ դա անհավանական է թվում»:

 

Նրանց հարազատները փորձում են հույսը չկորցնել։

 

«Եթե դատավճիռ դեռ չի կայացվել, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ինչ-որ գործողություններ են կատարվում։ Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»,- BBC-ի հետ զրույցում հույս է հայտնել գործիչներից մեկի ընտանիքի անդամներից մեկը։