Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միակ ճանապարհը՝ քաղաքական, որ փորձենք ճնշումն ավելացնել․ Եղիշե Կիրակոսյան

11:54, 28 ապրիլ 2023
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միակ ճանապարհը՝ քաղաքական, որ փորձենք ճնշումն ավելացնել․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի հարցերով  իրենք նորից են դիմել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։ Խոսքը օրեր առաջ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի Հակարիի կամուրջի վրա անցակետ դնելու և Արցախը լիակատար շրջափակման մեջ թողնելու մասին է։

 

«Հիմա սպասում ենք արձագանքին, ուղարկվել է Ադրբեջանին, իրենց արձագանքը կգա, ըստ դրա՝ կհասկանանք, թե ինչ կանենք, որովհետև դա որպես հերթական խախտում ենք ներկայացնում»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Դիտարկմանը, որ նախորդիվ Լաչինի միջանցքը փակելու հարցով Հաագայի դատարանը բավարարել էր մեր հայցը ընդդեմ Ադրբեջանի և պարտադրել՝ անհապաղ բացել միջանցքը, սակայն Ադրբեջանը չկատարեց միջազգային դատարանի պահանջը։ Հետևաբար, հիմա ի՞նչ իմաստ ունի այս իրավական գործընթացը, եթե էլի չի կատարելու։

 

«Չէ, միևնույն է, իմաստ ունի։ Պետք է անընդհատ այդ խախտումները ներկայացնենք իրենց։ Միայն նրա համար, որ չի կատարում, պետք չի թողնենք, ոչինչ չանենք, հակառակը՝ ավելի շատ պետք է մեծացնենք ճնշումը և անընդհատ խախտումները ներկայացնենք»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։

 

Թե որն է լինելու հաջորդ քայլը, եթե Ադրեբջանը շարունակի չկատարել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը, Կիրակոսյանն ասաց․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միակ ճանապարհը՝ քաղաքական, որ փորձենք ճնշումն ավելացնել։ Արդեն դրանով քննարկումներ կան»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ