Հետևեք մեզ։

ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ, իրենց թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությանը, սին է․ Օսկանյան․ «Հրապարակ»

10:05, 19 սեպտեմբեր 2024
ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ, իրենց թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությանը, սին է․ Օսկանյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի զրուցակիցը Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության եւ հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն է:

 

- Լրանում է Արցախում էթնիկ զտման տարելիցը, Արցախը հայաթափված է, Հայաստանի գործող իշխանությունն այն ճանաչել է Ադրբեջանի մաս, որին պաշտոնական Երեւանի լռության պայմաններում հաջողվում է մարսել իրագործածը: Նախ, խնդրում եմ իրավիճակի գնահատականը տալ: Ինչո՞ւ Արցախը հայաթափվեց քաղաքակիրթ աշխարհի լուռ հայացքի ներքո:

 

- Այո, այսօր լրանում է Արցախում էթնիկ զտման, Արցախի հայաթափման տարելիցը, բայց այստեղ ես շատ լուրջ վերապահում ունեմ՝ այն իմաստով, որ այս ողբերգական իրադարձությունը, որը դեռ շատ թարմ է, հանկարծ չնույնականացնենք մեր պատմության այլ ողբերգական իրադարձությունների հետ, այս հարցում չմտնենք զոհի կարգավիճակի մեջ, որովհետեւ դա մենք սիրում ենք։ Այստեղ ուղղակի հետեւողական աշխատանք է պետք՝ այս բաց վերքը դարմանելու։ Բոլորս պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը լուծված չէ՝ միայն այն պատճառով, որ այնտեղ արցախահայություն չկա, այնտեղ էթնիկ զտում է իրականացվել, նրանք պարտադրաբար հեռացվել են իրենց հայրենիքից՝ ցեղասպանության սպառնալիքի տակ, եւ այս հարցը պետք է մեր օրակարգային հարցերից մեկը լինի։


Մենք՝ ազգովի, պետք է հետամուտ լինենք, նախ, արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու հարցին։ Ոչ, այս հարցը բաց է, չի մարսվել, չի մարսվելու, որեւէ մեկին չի հաջողվելու այս հարցը փակել այնքան ժամանակ, քանի դեռ արցախահայությունը չի վերադարձել իր տուն, իր հայրենիք։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ուղղակի անհնար է պատկերացնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է երկարատեւ, կայուն խաղաղություն լինել։ Բոլորս պետք է սա լավ գիտակցենք։ Իհարկե, Արցախը հայաթափվեց, Ձեր հարցում ձեւակերպում եք՝ աշխարհի լուռ հայացքի ներքո․ ես մի փոքր այլ կերպ կձեւակերպեի՝ այո, աշխարհի լուռ հայացքի ներքո հայաթափվեց, որովհետեւ հայաթափվում էր Հայաստանի իշխանությունների լուռ հայացքի ներքո, եւ այդ պարագայում հույս ունենալ, որ այլոք որեւէ քայլ էին անելու, ուղղակի միամտություն էր։ Մենք այս իրավիճակին հասանք, չեմ ուզում ասել՝ միմիայն ՀՀ իշխանությունների պատճառով, չնայած դրանում իրականություն կա, բայց հիմնականում ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում է, որ մենք այսօր այս իրավիճակում ենք․ 2018-ից՝ դիվանագիտական սխալներ, 2020-ից՝ ռազմաքաղաքական սխալներ, դրանից հետո՝ նոյեմբերի հայտարարությունից եւ զինադադարից հետո, խորացված դիվանագիտական եւ քաղաքական սխալներ, Պրահայում արդեն ամենաճակատագրական սխալը թույլ տալը՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, եւ դրան հաջորդող իրադարձությունները եւ, վերջապես, այն հայտարարությունը, որ Հայաստանը, առհասարակ, որեւէ առնչություն չունի Արցախի եւ Արցախի իրադարձությունների հետ։


Պարզ է, որ այս ամենի հետեւանքը լինելու էր այն, ինչ եղավ, այնպես որ, այստեղ ճիշտ հասկանանք եւ հարցերը կոչենք իրենց իսկական անուններով․ որեւէ մեկին մեղադրելուց առաջ մենք մեզ հայելու մեջ նայենք եւ կարողանանք ճիշտ գնահատական տալ այս իրադարձություններին, որպեսզի կարողանանք նաեւ կողմնորոշվել, թե սրան հաջորդող քայլերն ինչպիսին պետք է լինեն, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։

 

- Ձեր գլխավորած հանձնախումբը՝ որպես Արցախի Հանրապետության խորհրդարանի մանդատը ստացած մարմին, փորձում է արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի խնդիրը բերել միջազգային օրակարգ: Բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել արտերկրում, ինչպիսի՞ն է միջազգային հանրության ընկալումն այս հարցում: Ի՞նչ մեխանիզմներով ու ի՞նչ կարգավիճակում է հնարավոր դա ապահովել:

 

- Այո, հանձնախումբն արդեն 6 ամիս է՝ գործում է, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ե՛ւ առանձին պետությունների անհատ ներկայացուցիչների հետ, ե՛ւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ։ Ընդհանուր ընկալումը` վերադարձի հարցում, շատ դրական է եւ այլ կերպ չի էլ կարող լինել։ Ովքեր ներգրավված են այս հարցերում եւ տիրապետում են խնդրին, գիտեն օրենքները, ուղղակի չեն կարող առարկել, երբ նրանց առաջ այսպիսի խնդիր է դրվում, դրա համար էլ շատ դրական է ընկալումը։ Այստեղ երեք տարբեր հարթություններ կան՝ իրավական, քաղաքական եւ դիվանագիտական։ Իրավական մասով բացառապես անխոցելի է այս հարցը, ընդհանրապես, միջազգային իրավունքի նորմերով, կոնֆլիկտների արդյունքում իրենց տներից արտաքսվածներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տները, իրենց հայրենիքը։ Սա՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր, պարտադիր նորմ, իսկ Արցախի դեպքում կա կոնկրետ որոշում՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ անցած տարվա նոյեմբերի 17-ին, որով Ադրբեջանին պարտադրում է ապահովել արցախահայության՝ իրենց տները վերադառնալու պայմաններ։ Սա արդեն հատուկ Արցախի հարցում միջազգային դատարանի որոշում է։ Կա նաեւ Եվրախորհրդարանի՝ այս տարվա մարտի 16-ի ռեզոլյուցիան, որը մի քայլ առաջ է գնում եւ արդեն խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը, վերադարձի հարցը քննարկելու պայմաններ ստեղծելու համար, պետք է նստի բանակցությունների Արցախի ներկայացուցիչների հետ՝ միջազգային ներկայությամբ։ Այնպես որ, իրավական հարթությունում խնդիր չկա, ոչ ոք չի կարող առարկել, եւ մեր դիրքերն այստեղ շատ ամուր են։


Նույնը կարող եմ ասել քաղաքական հարթությունում․ այստեղ մի փոքր բացատրեմ՝ Ադրբեջանն ինքն է ասում, որ իրավունք ունեն վերադառնալու, թող գան՝ որպես իմ քաղաքացիներ, ապրեն իրենց տներում։ Սա Ադրբեջանի դիրքորոշումն է։ Այստեղ մի բան շեշտեմ՝ մոռացեք՝ ինչ պայմաններով, ուղղակի, որ ասում է՝ իրավունք ունեն վերադառնալու։ Միջազգային հանրությունը, առայժմ գոնե, ասում է՝ թող վերադառնան, մենք էլ մոնիթորինգ կանենք, որպեսզի Ադրբեջանը հարգի իր խոստումը եւ ապահովի արցախահայության անվտանգությունը։ Սա միջազգային հանրության նախնական դիրքորոշումն է՝ այլ դիրքորոշման բացակայության պայմաններում։

 

Հայկական կողմը՝ մեր կողմը, արցախահայությունը, Արցախի ղեկավարությունը եւ հանձնախումբը, հարցը դնում է այլ ձեւով, որ այդ երկուսն էլ բավարար չեն, անհրաժեշտ են շատ ավելի հուսալի երաշխիքներ՝ ՄԱԿ-ի մանդատ, ՄԱԿ-ի ադմինիստրացիա՝ համատեղ Արցախի ղեկավարության հետ։ Բայց այստեղ ընդհանրականն այն է, որ բոլոր կողմերն էլ ընդունում են, որ արցախահայությունն իրավունք ունի վերադառնալ իր տները։ Հանձնախմբի խնդիրներից գլխավորն այսօր հարցն օրակարգ բերելն է, ուստի, սա ապացուցում է, որ քաղաքական առումով բացարձակ խնդիր չկա՝ հարցն օրակարգ բերելու՝․ բոլորը համաձայն են, եւ այստեղ պետք չէ վախենալ, թե հակառակորդն ինչպիսի դիրքորոշում ունի վերադարձի հարցում, կարեւորը՝ որ մենք կարողանանք հարցն օրակարգ բերել։ Ես սա իմ փորձից եմ ասում՝ բանակցությունների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որ մեզ համար խնդիր է եղել հարցն օրակարգ բերելը, ընդունել ենք հակառակորդի նախնական պայմանները՝ դա անելու համար, որից հետո բանակցությունների միջոցով, դիվանագիտական աշխատանքով կարողացել ենք հարցին այնպիսի ձեւակերպում տալ, որ լինի հօգուտ հայկական կողմի։ Այսօր մեր խնդիրը, իսկապես, հարցն օրակարգ բերելն է։


Եվ երրորդ հարթությունը․ դա դիվանագիտական հարթությունն է, ահավասիկ, մեր հիմնական խնդիրն այստեղ է, որովհետեւ հանձնախմբի աշխատանքը բավարար չէ, մենք կկարողանանք եւ կարողացել ու շարունակում ենք անել այնպես, որ հարցը մնա օրակարգում։ Ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ այսօր, առնվազն, բոլոր շահագրգիռ կողմերը, գոնե դիվանագիտական միջին մակարդակում՝ ԱԳՆ վարչություններ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանով, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանով, գոնե գիտեն, որ արցախահայությունը պնդում է իր վերադարձի հարցը, որ հայերը չեն հրաժարվել այս հարցից, եւ հարցն այսօր օրակարգային է։ Դա մեզ հաջողվել է անել, բայց կարողանալ դիվանագիտական հաջողություն ունենալ եւ հարցը բերել բանակցային օրակարգ՝ այստեղ արդեն անհրաժեշտ է ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը, եւ այստեղ է մեր հիմնական խոչընդոտը։

 

- Գլխավոր խոչընդոտը, որին, հավանաբար, բախվում են Ձեր ջանքերը, պաշտոնական Երեւանի դիրքորոշումն է, որը փաստացի համընկնում է Բաքվի թեզերին: Հնարավո՞ր է արդյունք գրանցել, երբ բոլորը տեսնում են, որ ՀՀ իշխանությունն ու հայ հասարակությունը՝ ներառյալ սփյուռքը, խոսում են տարբեր լեզուներով:

 

- Իմ նշած 3 հարթություններից իրավականում բացարձակ խնդիր չկա, քաղաքականում բոլոր հիմքերը կան, խնդիրը դիվանագիտական հարթությունում է, եւ այստեղ է, որ մենք բախվում ենք այն հարցին, երբ մեզ ասվում է, որ, այո, հասկանալի է, ընդունելի է, բայց զարմանում են, որ այս հարցը ՀՀ իշխանությունները չեն բերում օրակարգ, հարց են տալիս` ինչո՞ւ։ Այստեղ է, որ ՀՀ իշխանությունները պետք է պատասխան տան Արցախի, Հայաստանի ժողովրդին, թե ինչու այս հարցը չեն ուզում բերել օրակարգ։ Իշխանությունների թեզը, որ սա կարող է վտանգել Հայաստանի անվտանգությանը, սին է, սուտ է, դա այդպես չէ։ Հարցը դիվանագիտական հարթությունում օրակարգ բերելը որեւէ կերպ չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար, ընդհակառակը՝ դա միայն ուժեղացնելու է Հայաստանի դիրքերը բանակցային հարթությունում, ուստի այսօր ՀՀ իշխանությունների վրա պետք է ճնշում բանեցնի ե՛ւ սփյուռքը, ե՛ւ Հայաստանի ժողովուրդը, ե՛ւ արցախահայությունը, որպեսզի ՀՀ իշխանություններն այս հարցը բերեն օրակարգ։ Իմ կարծիքով՝ նրանք չեն ուզում դա անել, որովհետեւ գիտեն, որ սա բարդ խնդիր է, հարցն օրակարգ բերելով անընդհատ իրենց հիշեցնելու են իրենց սխալները, եւ իրենք ուղղակի ուզում են հարցը փակել եւ մոռացության տալ, որպեսզի քննադատության չենթարկվեն, որ հարցը մարսվի-գնա։ Բայց, ինչպես ես ասացի, այս հարցը հնարավոր չէ մարսել, դա մեզ համար էքզիստենցիալ խնդիր է։ Այնպես որ, Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ՀՀ շահերից է բխում այս հարցն օրակարգ բերելը եւ հետամուտ լինելն այս խնդրին։ Հանձնախումբն այստեղ պատրաստ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ։ Ես ուղղակի համոզված եմ, որ մեր երկուսի զուգահեռ աշխատանքով հնարավոր կլինի հարցը բերել օրակարգ եւ վերջում նաեւ հասնել ինչ-որ արդյունքի։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եւ մեր 6 ամսվա աշխատանքի միանշանակ եզրակացությունը սա է: Սա միայն իմ անձնական տեսակետը չէ, հանձնախմբի բոլոր անդամների, մեզ հետ համագործակցողների կարծիքն է, ինչպես նաեւ՝ միջազգային այն շրջանակների, որոնց հետ մենք շփվել ենք։ Այն օրը, երբ ՀՀ իշխանություններն այս հարցը կբերեն Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգ, կլինի միջազգային աջակցություն։

Հարցազրույցի երկրորդ մասը կարդացեք «Հրապարակի» վաղվա համարում: