Տավուշի մարզի Դովեղ բնակավայրի բնակչուհուց ստացված՝ 2023 թվականի ապրիլի 28-ին, գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում, օտար անձի կողմից իր տուն ապօրինի մուտք գործելու, իր կամքին հակառակ, բռնության գործադրմամբ իր հետ սեռական հարաբերություն ունենալու, և ոսկյա, արծաթյա իրեր հափշտակելու վերաբերյալ հաղորդման առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 253-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Նախաքննության շրջանակներում կինը ճանաչվել է տուժող, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ, այդ թվում ստացվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է նույն բնակավայրի՝ 1995թ․ ծնված բնակիչը։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են նշված իրերը։
Նախաքննությունը շարունակվում է, անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ»։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: