Խորհրդային կազմակերպված հանցավորությունը կամ գողական աշխարհը, որին եվրոպայում «սովետական մաֆիա» էին կոչում, հին արմատներ ունի: Չնայած որևէ տեղ հնարավոր չէ գտնել կոնկրետ տարեթիվը, թե երբ են առաջացել գողական աշխարհն ու «օրենքով գողերը», բայց բոլոր փաստագրությունները տանում են դեպի 1930-ական թվականներ:
Հավանաբար, բոլորն են լսել, որ գողական աշխարհը ստեղծվել է հենց պետության կողմից՝ հանցագործներին կառավարելու համար, բայց դա վերջնական ճշմարտություն համարել դժվար թե կարելի է: Պետությունը հանցավորություն ձևավորելու, կամ դրանում էլիտար ու իրեն չճանաչող դասակարգ առանձնացնելու պատճառ չուներ: Բայց այն, որ երևույթն առաջացել ու պահպանվել է պետության ներկայությամբ, նշանակում է, որ ձևավորվող կամ արդեն իսկ ձևավորված հանցավոր էլիտային չխանգարելու պատճառներ շատ կային:
Մի բան հաստատ է՝ «օրենքով գողերի» դասակարգը ձևավորվել է հանցավոր տարրերի, մանավանդ գողություններ կատարած հանցագործների միջև պայքարի արդյունքում: Այդ պայքարում ավելի բարդ, օրինակ՝ բնակարաններից գողություններ կատարած, արհեստավարժ կալանավորներն իրենց համարում էին ավելի էլիտար ու գաղափարական: Այն, որ հանցագործների մեջ ավելի արհեստավարժների, համարձակների ու սկզբունքայինների դասակարգում կար, բնական էր: Բնական էր նաև, որ վերջիններս ավելի բարձր հեղինակություն ունեին ու միջանձնային հարաբերություններում թելադրող էին, ընդհուպ՝ սահմանում էին այդ հարաբերություններում վարքագծի կանոնները, ընդունելի կամ հակառակը համարում բախտակիցների արարքները կալանավայրերում և մինչև այդտեղ հայտնվելը: Այդպես ձևավորվեց հանցաշխարհի հիերարխիան, որի բարձր դիրքում գտնվողներն սկսեցին սահմանել ընդհանուր ու հանցավոր վարքագծի կանոններ:
Հետևաբար, գողական աշխարհը հանցավորության զարգացման, հանցավոր տարրերի միջև պայքարի բնական արդյունք էր, իսկ թե նույն կերպ բնակա՞ն էր, արդյոք, նաև նրանց տիտղոսավորումը որպես «օրենքով գողեր», թ՞ե գողական թագերի գաղափարին մասնակցել է նաև պետությունը, ասել դժվար է:
Գողական աշխարհի գաղափարական հիմքը գողական օրենքն էր՝ բաղկացած հիմնական վարքագծի կանոններից, որոնցով պետք է ղեկավարվեին «օրենքով գողերն» ու նրանք, ովքեր բռնել էին «օրենքով գող» կարգվելու ճանապարհը կամ ապրում էին գողական կյանքով: Իր ձևավորման ակունքներում խորհրդային գողական օրենքը ընդգծված բարոյական կողմեր ուներ, դրանում շեշտված էին սովորական մարդկային սկզբունքներ՝ ազնվությունն ու արդարությունը, վեհությունը, պատկառանքը: Եթե չհաշվենք այդ կանոնների այն մասը, որոնք արդարացնում էին հանցագործությունները, ընդունելի համարում ուրիշից գողանալը, ապա գողական օրենքները մեծ հաշվով համամարդկային ճշմարտություններ էին.
Ազնվություն: Գողական աշխարհը եվրոպական մաֆիաների համեմատությամբ մի կարևոր առանձնահատկություն ուներ՝ միասնականությունը: Բոլոր «օրենքով գողերն» ու հեղինակությունները մեկ ընտանիքի անդամներ էին, գողական աշխարհը կլաններ չուներ և ունենալ չէր կարող, իսկ գողական կանոններն ազգություն ու այլ տարբերություններ չէին ճանաչում: Հետևաբար, «ճիշտ կյանքի» գաղափարներով միավորված ու «ոչ ճիշտ կյանքով» ապրողների հետ հավերժ պայքարի մեջ մտած միասնական համայնքի անդամները պետք է հարգալից ու ազնիվ լինեին միմյանց հանդեպ:
Չխլել ոչինչ առանց պատճառի: Հանցավոր կյանքը խրախուսող, հատկապես գողությունները, շորթումներն ու դրանց միջոցով գողական միասնական տունը հզորացնելն արդարացնող գողական կանոնը պայմաններ ուներ: Գողական օրենքը պահանջում էր, որ յուրաքանչյուրն արժանի լինի իր հանդեպ կատարվածին, այդ թվում՝ գողանալ կարելի էր դրան արժանիներից: Խորհրդային տարիներին այս կանոնը պահելն իհարկե հեշտ էր՝ մասնավոր սեփականություն չկար կամ քիչ էր, իսկ գողական աշխարհի հավերժ թշնամի պետությունից գողանալ կարելի էր: Գողական այս կանոնից բխում էր մի հատուկ կանոն՝ չգողանալ գողական աշխարհից՝ իրենցից: Կանոնն այն էր, որ գողություն կատարողը պետք է իմանա, թե ումից է գողանում, հետևաբար «օրենքով գողից» հափշտակելը նշանակում էր, որ այդ անձը գողությունը գողական օրենքներին համապատասխան չէր կատարում: Բայց «ըստ արժանվույն»-ի կանոնը միայն հափշտակություններին չէ, որ վերաբերվում էր. գողական օրենքները պահանջում էին պատասխան տալ մեկ հարվածից մինչև սպանության համար, բացատրել դրա արդարացիությունը, հիմնավորել, որ դրանք ստացողն արժանի է եղել:
Պետության հետ կապի բացառում: Գողական աշխարհը պետությանը ոչ մի կերպ չէր ճանաչում, բացառում էր պետության հետ համագործակցության ցանկացած ձև: Համագործակցություն թեկուզ ազատության մեջ հայտնվելու համար, արգելված էր: Գողական կանոնները բացառում էին նաև մասնակցությունը քաղաքականությանը, ծառայությունը բանակում, արգելում էին հաշվառվել որևէ հասցեում, ստորագրություն տալ որևէ տեղ: Ի սկզբանե «օրենքով գողերի» անձնագիր ունենալը ևս հարթ չէր գողական կանոնների հետ:
Չտալ ցուցմունք և չընդունել մեղքը: Խորհրդային գողական աշխարհին բնորոշ խիստ կանոն էր, որը թույլ չէր տալիս ոչ միայն ցուցմունք տալ ուրիշի դեմ ու պատճառ դառնալ, որ նա դատապարտվի, այլ նաև արգելում էր ընդունել սեփական մեղքը: Սա նուրբ, բայց լուրջ տարբերություն էր եվրոպական մաֆիաների կանոններից, որոնք, օրինակ, խիստ չէին այն դեպքերի համար, երբ մաֆիոզն ընդունում էր մեղքը մի հանցանքի մեջ՝ մյուսը թաքցնելու համար:
Պահպանել և տարածել գողական գաղափարախոսությունը: Գողական աշխարհի տարբերությունը կազմակերպված հանցավորության այլ դրսևորումներից, օրինակ բանդիտիզմից, դրա գաղափարական հիմքն էր: Գողական աշխարհի ներկայացուցիչները նախ համարում էին, որ գողական գաղափարները ճիշտ կյանքի կանոններն են և գիտակցում էին, որ հենց այդ կանոններն են գրավիչ դարձնում գողական աշխարհը, ձևավորում գողական կյանքի ռոմանտիկան: Հետևաբար, նրանք պարտավոր էին ոչ միայն ապրել այդ գաղափարներով, այլ նաև տարածել դրանք, կրթել երիտասարդությանը ճիշտ կյանքի կանոններով:
Բարեկիրթ վարք: Գողական օրենքում կանոններ կային, որոնք համամարդկային են, ճշմարիտ ու ընդունելի՝ հարգել մեծերին, մեծարել ծնողներին, չընդունել բամբասանքը, բացառել նյութապաշտությունը, չմեղադրել առանց հիմնավորումների: Գողական օրենքն «օրենքով գողերից» պահանջում էր ունենալ պարկեշտ ու պատկառելի վարք, բացառել խուլիգանական կամ ցանկացած այլ վարքագիծ, որը կարող էր ազդել «օրենքով գողի» հեղինակության վրա: Չէ՞ որ նրա հեղինակությունը պետք է բավարար լիներ գողական կոնֆլիկտները լուծելու, ճիշտն ու սխալը վեճի կողմերի համար որոշելու համար:
Եվ ընդհանրապես, գողական օրենքը հատուկ կանոններ ուներ, որոնց նպատակն «օրենքով գողերի» հեղինակությունը պահպանելն էր: Օրինակ՝ «օրենքով գողին» ծեծի ենթարկելը, եթե նա թագազրկման արժանի արարք չէր կատարել, մահացու մեղք էր: Բայց նույն օրենքով պահանջներ կային նաև հենց «օրենքով գողերին»: Այն, որ «օրենքով գողերը» ծանր հանցագործություն որպես կանոն չպետք է կատարեին, մանավանդ զենքով, ենթադրում էր, որ նա այնքան հեղինակություն ունի, որ ինքնասիրությունը պահելու համար հենց անձամբ հանցանք կատարելու կարիք չպետք է ունենա: Գողական օրենքներով անընդունելի էր նույնիսկ գաղտագողի վրեժ լուծելը:
«Օրենքով գողերը» չէին կարող սեփականություն ունենալ, անընդունելի էին նյութապաշտությունը, անձնական ունեցվածք կուտակելը, ճոխությունները, շվայտ կյանքը: «Օրենքով գողը» չէր կարող ամուսնանալ, երկար կապ ունենալ նույն կնոջ հետ, քանի որ դա նրան խոցելի կարող էր դարձնել: Գողական աշխարհն անընդունելի էր համարում թմրաշրջանառությունը, համարվում էր, որ դրա ազդեցությամբ գողը կարող է իրեն ոչ գողական վարք թույլ տալ: Անբարոյականություն էր համարվում «հաճույք վաճառելը»՝ կավատությունն ու թմրավաճառությունը:
Գողական օրենքը ենթադրում էր, որ «օրենքով գողի» տիտղոս կարող էր ստանալ գողական աշխարհում ներդրում ունեցած, հանցավոր անցյալ ունեցող, գողական կանոններով անընդունելի արարք չկատարած, ուղղիչ մեկուսարաններում գտնված, պատիժ կրած ու դժվարությունները պատվով հաղթահարած անձն, ով ապրում էր գողական կանոններով: «Օրենքով գողի» կնքվելը տեղի էր ունենում հատուկ հավաքներում՝ «սխոդկաներում»՝ մեկ կամ մի քանի գողերի առաջարկով ու մի քանի գողերի համաձայնությամբ:
Գողական աշխարհի միասնականությունը պատմության մեջ խախտվել է ըստ էության երկու անգամ, երկրորդ անգամ՝ հավանաբար վերջնական:
Առաջին գողական պատերազմը Հայրենական Մեծ պատերազմից հետո էր՝ դրան մասնակցած, փաստորեն պետության հետ համագործակցած ու այդ կերպ ազատության մեջ հայտնված գողականների և նրանց այլևս այդպիսիք չհամարող ավանդապաշտների միջև: Գողական աշխարհում երկրորդ խոշոր պատերազմը Խորհրդային Միության փլուզումից հետո էր, որով կարծեք թե վերջ դրվեց գողական համայնքի միասնականությանը, գողական ավանդույթներն սկսեցին խախտվել ու աստիճանաբար դադարել գոյություն ունենալ: Սկսեց փոխվել, իսկ աստիճանաբար նաև վերանալ գողական գաղափարախոսությունը, գողական աշխարհն սկսեց հարմարվել նոր իրողություններին, մանավանդ՝ շուկայական հարաբերություններին:
Հետխորհրդային պետություններում, մանավանդ՝ տնտեսապես ավելի ակտիվ Ռուսաստանում, ձևավորվեցին կլաններ, որոնք սկսեցին կատաղի պայքար մղել տնտեսությունը հովանավորելու՝ «կրիշավատ» անելու, ազդեցության ոլորտների, շորթումների ու ռեկետների հնարավորության համար: Բանն այն է, որ նոր ազատականացված տնտեսությունը վատ էր կանոնակարգված, հասարակությունը սովոր չէր մասնավոր շուկայական հարաբերություններին, ձեռնարկությունները տնտեսվարողների ձեռքերում դառնում էին կռվախնձոր, իսկ այդ վեճերը լուծում և այդ կերպ կողմերից մեկի վրա «ծանրանում» էին քրեական հեղինակություններն ու սկսում սնվել դրանից: Մասնավոր սեփականությունը նոր բարենպաստ պայմաններ ստեղծեց ռեկետի ու շորթումների համար, մանավանդ, որ մասնավորեցումը տեղի էր ունենում բազմաթիվ անօրինականություններով, իսկ գողական աշխարհն այդ հանգամանքն օգտագործում էր ռեկետի ժամանակ: Այս կերպ գողական աշխարհն սկսեց թափանցել բիզնես, հարստանալ, դիմել ճոխությունների, «օրենքով գողերն» սկսեցին սեփականություն ձեռք բերել, ազդեցությունների բաշխման համար պատվիրել միմյանց սպանությունները:
Նոր քաղաքական համակարգը ևս իր անելիքն արեց: Քաղաքական պայքարում մրցակցությունը քաղաքական գործիչներին ստիպեց հանուն հաղթանակի օգտագործել նաև քրեական կապերը և դա արդյունավետ միջոց դարձավ ընտրություններում հաղթելու համար: Իսկ նոր անկախացած ու նոր պետական համակարգ ունեցող պետության մեջ իրենց ազդեցությունը պահպանելու, երբեմն էլ պետական «բեսպրեդելին» զոհ չգնալու համար քրեական հեղինակություններն սկսեցին օգտագործվել, որպեսզի կարողանան քաղաքական իշխանությունների հետ կապի միջոցով մեծացնել ազդեցությունն ու անխոչընդոտ շարունակել հանցավոր վարքագիծը:
Գողական աշխարհ մտավ նաև «կոռուպցիան»: «Օրենքով գողերի» թիվը 1990- ական թվականներին կտրուկ մեծացավ՝ ավելացնելով խոսակցությունները, թե «օրենքով գողի» կարգավիճակ ստանալ հնարավոր է նաև գումարի դիմաց: Իսկ այդ խոսակցություններին հավատալ կարելի է, եթե անգամ միայն հետևենք բազմաթիվ տիտղոսակիրների կենսագրություններին ու հետագա ճակատագրերին: 90-ականներին «օրենքով գող» կարգվածների մի ստվար մասին չէին ճանաչում ու նշանակություն չէին տալիս հենց գողական աշխարհում, նրանց մի մասն «օրենքով գող» էր կնքվել երբևէ հայտնված չլինելով ուղղիչ հիմնարկներում: Իսկ պատմությունները, թե ինչպես նրանց մի մասն անհետ կորավ կամ կորցրեց «օրենքով գողի» տիտղոսը՝ չդիմանալով առաջին իսկ փորձությանը կամ թույլ տալով պարզագույն սխալներ, ցույց են տալիս, որ այդ մարդիկ գողական օրենքների կրողներ չէին:
Հենց 90-ականների գողական աշխարհը չդիմացավ նաև ամենաեկամտաբեր բիզնեսի գայթակղությանն ու սկսեց հովանավորել թմրաբիզնեսը և նույնիսկ՝ չկիսել նաև այստեղ ազդեցությունն ու հանուն դրա սպանությունների դիմել: Հաճախակի դարձան թմրանյութերի ազդեցության տակ անադեկվատ պահվածք, գողական կանոններին անհամապատասխան վարքագիծ դրսևորող, այդպիսի տիտղոս ունենալը հրապարակային ժխտող «օրենքով գողերի» մասին տեսանյութերը: Գողական էլիտան իր հզորությունն սկսեց ցուցադրել զվարճանքների վայրերում, սոցիալական ցանցերում հայտնվեցին «օրենքով գողերի» ու նրանց կիսամերկ զուգընկերուհիների լուսանկարները, ավելին, ոմանք սկսեցին համատեղ ապրել մերկ լուսանկարներով հայտնի մոդելների հետ, որը գողական օրենքներով հասկանալ հնարավոր չէր:
Գողական աշխարհում սկսեցին ձևավորվել կլաններ, դրանց ձևավորումը նույնիսկ էթնիկ երանգներ սկսեց ստանալ: Հայտնի «օրենքով գողերի» կողմից ղեկավարված ռուսական քրեական խմբավորումներ կան, որոնք մամուլում բնութագրվում են նրանով, որ օրինակ բացասական վերաբերմունք են ունեցել կովկասյան քրեական հեղինակությունների հանդեպ, ինչը դեմ էր գողական աշխարհի միասնականությանը: Իսկ ունեցած անձնային կամ նյութական կոնֆլիկտների արդյունքում միմյանց սպանությունները պատվիրելն ու այդ եղանակով գաղտագողի վրեժ լուծելը մեր օրերում սովորական երևույթ են դարձել:
Փաստորեն, խորհրդային գողական աշխարհի ավանդույթները խորհրդային կարգերի փլուզումից հետո սկսեցին աստիճանաբար, մեկը մյուսի հետևից խախտվել՝ ենթարկվելով որոշ բնական, իսկ մեծամասամբ արհեստական փոփոխությունների, որոնք մի կողմից հարմարեցրին գողական աշխարհը նոր իրականությանը, իսկ մյուս կողմից այն դարձրին ավելի նյութականացված՝ սկզբունքորեն փոխելով գողական գաղափարախոսությունն ու այն վերածելով սովորական մաֆիայի:
Շարունակելի…
Մաս 1-ին․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները