Հետևեք մեզ։

Դատարանում վատանալուց հետո Բժշկականի նախկին ռեկտորին կալանավորելու միջնորդությունը հետ են վերցրել. «Հրապարակ»

08:57, 29 ապրիլ 2023
Դատարանում վատանալուց հետո Բժշկականի նախկին ռեկտորին կալանավորելու միջնորդությունը հետ են վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 71-ամյա Միքայել Նարիմանյանի առողջական վիճակն ապրիլի 6-ին դատարանի դահլիճում կտրուկ վատացել էր, նրան ծանր վիճակով տեղափոխել էին «Աստղիկ» ԲԿ։

 

Հիշեցնենք, որ Միքայել Նարիմանյանին մեղադրանք է առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով գույքի ենթադրյալ հափշտակության համար: Այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ համալսարանի արհմիության ղեկավարն ու Արմեն Աշոտյանը։ Գործը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի կողմից ձեռք բերված գույքին․ ԵՊԲՀ-ն իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք էր ձեռք բերել՝ հյուրանոցային 6 սենյակ եւ կոնֆերանս-դահլիճ, որի դիմաց մոտ 200 միլիոն դրամ էին վճարել Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը։

2017-ից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այստեղ հանգստանալու հնարավորությունից, իսկ 2018-ին ՊՎԾ-ն գտել էր, որ գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։ Արմեն Աշոտյանին էլ նույն գործի շրջանակներում մեղադրում են փողերի լվացման մեջ։ Նարիմանյանի նկատմամբ այս գործընթացն իրականում մի նպատակ ունի՝ Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելը, ինչը պրոֆեսորը հրաժարվում է տալ։

 

Դատախազությունից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է այդ գործը, հնարավո՞ր է, որ կալանքի միջնորդությունը հետ կանչեն՝ հաշվի առնելով Նարիմանյանի առողջական վիճակը։ Մեր այս հարցին ապրիլի 8-ին չէին պատասխանել, սակայն երեկ պատասխանեցին, որ միջնորդությունը հետ են կանչել, այսինքն՝ այս պահին դատախազությունը նախկին ռեկտորին կալանավորելու մտադրությունից հետ է կանգնել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։