Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցով անցնող երկաթգծին հարակից տարածքները՝ ընդհանուր օգտագործման, մասնավորեցման ոչ ենթակա հողերը, սեփականության իրավունքով օտարվել են մի շարք քաղաքացիների՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։
Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է 2022 թվականի մայիսի 24-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Նորագավիթ 1-ին փողոցով անցնող երկաթգծին հարակից տարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ, իսկ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանում, տեղանքի իրադրության հատակագծի ուսումնասիրությամբ, նախնական տվյալներ են ձեռք բերվել նույն գոտու տարածքում առկա հողամասերը սեփականության իրավունքով մի շարք անձանց օտարելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով Երևան քաղաքի դատախազությունը 2023 թվականի հունվարի 30-ին և 2023 թվականի փետրվարի 14-ին հարցումներ է ուղարկել համապատասխանաբար՝ Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության պետական կոմիտե:
Կոմիտեներից ստացված պատասխանի համաձայն՝
- անշարժ գույքերը գտնվում են հասարակական նշանակության կանաչ տարածքների և բուֆերային գոտիներում.
- հասարակական նշանակության կանաչ գոտիների տարածքներում ընդգրկված հողերի զգալի մասը սեփականության իրավունքով օտարվել են մի շարք անձանց
-Քաղաքաշինության պետական կոմիտեն հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ չի ստացել:
Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց լիազորությունների չարաշահմամբ ու պաշտոնեական կեղծիք կատարելու եղանակով, մասնավորեցման ոչ ենթակա գույքը՝ ընդհանուր օգտագործման հողերը, սեփականության իրավունքով օտարել են մի շարք քաղաքացիների՝ դատախազը 2023 թվականի մարտի 20-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
2023 թվականի մարտի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը)։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: