Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ անցկացվող «Թվայնացումը ժամանակակից իրողություններում ՝ 4 ազատությունների ապահովման հրամայականը» խորագրով նիստի ընթացքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց թվայնացման ժամանակակից իրողություններում այսօրվա քննարկման կարևորությունը, որն ուղղված է չորս ազատությունների արդյունավետ գործունեությանը, ինչպես նաև թվային միջավայրի և թվային ենթակառուցվածքների զարգացմանը։
««Թվային տնտեսություն», «թվային հասարակություն» և «թվային փոխակերպում» տերմիններն ամուր հաստատվել են մեր առօրյա կյանքում, և մենք ապրում ենք մի իրականությունում, որին բնորոշ են տեխնոլոգիական բեկումները։ Սակայն շատ կարևոր է հետ նայել և տալ «թվային փոխակերպում» հասկացության սահմանումը:
Ինձ համար «թվային փոխակերպում» տերմինն առաջին հերթին նշանակում է գործառնական գործընթացներում հասնել արդյունավետության և ճկունության՝ անալոգային տվյալներից թվային տվյալներին անցնելու միջոցով:
Ցանկանում եմ շեշտել, որ այս սահմանումը, իհարկե, ենթադրում է նաև կառավարությունների գործունեությունը, սակայն շեշտը պետք է դրվի ամբողջ հասարակության վրա, քանի որ պետությունների թվայնացման գործընթացը պետք է բխի քաղաքացիների և բիզնեսի հարմարավետությունից, ոչ թե հակառակը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար նախորոշում ընդունվեց թվային ճարտարապետությունը խարսխել երկու կարևոր սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն:
«Թվային գործընթացները պետք է լինեն գործնական, արդիական և օգտակար մարդկանց և բիզնեսի համար: Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա թվայնացում չէ, այլ թվայնացման իմիտացիա, ինչն անիմաստ է։
Գործնականում խոսքը պետք է գնա հանրային ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին։ Այս համատեքստում կընդգծեմ ոչ միայն առանձին խնդիրների թվայնացման անհրաժեշտությունը, այլ նաև այնպիսի ծառայությունների ստեղծման, որոնք կբավարարեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական կարիքները և կապահովեն արագ արձագանքում նրանց կյանքի կարևոր իրադարձություններին»,- շեշտեց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝այս գործընթացների հաջող թվայնացումը պահանջում է վստահելի, ամբողջական և մատչելի տվյալներ՝պետական ծառայություններն ամբողջությամբ թափանցիկ դարձնելու համար: Ըստ Փաշինյանի՝ սա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ դարձնելով այն ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ:
«Տվյալների վստահելի պահպանման հայեցակարգն առանցքային տեղ է գրավում Հայաստանում թվային փոխակերպման փիլիսոփայության մեջ: Այս համակարգը հիմնված է պետական կառույցների և, ամենակարևորը, քաղաքացիների, բիզնեսի և պետության միջև վստահության վրա:
Տվյալների վստահելի պահպանումը թույլ է տալիս տարբեր պետական գերատեսչություններին ապավինել միմյանց տեղեկատվությանը՝ առանց դրանցով փոխանակվելու կամ դրանք կրկնօրինակելու անհրաժեշտության: Սա թույլ կտա փոխարինել փաստաթղթերի փոխանակումը և ապահովել կարևոր իրավական տվյալների հասանելիություն՝միաժամանակ պահպանելով տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման անվտանգության և ազգային կանոնակարգերը:
Տվյալները կպահվեն ազգային հատվածներում և հասանելի կլինեն միայն միջսահմանային ձևաչափով՝ հարցման առկայության դեպքում»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ բիզնեսի համար այս գործընթացը կարող է բարելավել անդրսահմանային առևտրի և անուղղակի հարկերի վճարման եղանակը:
«Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ մի պետության տարածքից մեկնելու պահից ապրանքների խմբաքանակի տեղաշարժի վերաբերյալ թվային տվյալների ամբողջությունը հասանելի և հետագծելի է դառնում մեկ այլ պետության լիազորված մարմինների համար 24/7 ռեժիմով, նույնիսկ մինչև դրա նշանակման վայր հասնելը:
Անուղղակի հարկերի ամբողջական վճարումը, ապրանքաշրջանառության օրինականությունը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողությունը, որակի և անվտանգության համապատասխանության ապահովումը կարող է անխափան իրականացվել ուղարկող երկրի ռեեստրներում առկա իրավական նշանակալի տվյալների հիման վրա: Սա զգալիորեն կնվազեցնի վարչական ծախսերը և միևնույն ժամանակ կապահովի արտադրանքի համապատասխանությունը բոլոր պահանջներին:
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը։
Իհարկե, այս նորամուծությունների իրականացումը զգալի ջանքեր կպահանջի։ Այնուամենայնիվ, մենք չպետք է անտեսենք արդեն իսկ մեկնարկած գործընթացը, քանի որ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր փոխգործակցության բոլոր ասպեկտների հետագա զարգացման և կատարելագործման համար»,-եզրափակեց Փաշինյանը։