Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման վարողի առաջին երկու հարցերին, մասնավորապես անդրադարձը Մերձավոր Արևելքին և անցած տարի սեպտեմբերին ԼեռնայԻն Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։
Անջա Վեհլեռ-Շոկ: «Քանի որ մեր զրույցը վերաբերելու է համաշխարհային կարգին, առաջարկում եմ անդրադառնալ ներկայիս, ամենաթարմ զարգացումներին առնչվող թեմայի: Հայաստանին հարևան Իրանը երեկ երեկոյան հարյուրից ավել հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մտահոգվա՞ծ եք, որ տարածաշրջանային պատերազմ կարող է սկսվել, և և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Ձեր երկրի համար»:
Արարատ Միրզոյան: «Հարգելի՛ ներկաներ, ողջունում եմ բոլորին: Անչափ հաճելի է գտնվել այստեղ և ակնկալում եմ, որ հետաքրքիր քննարկում կունենաք: Առաջին հարցը բավականին բարդ ընտրեցիք, պետք է խոստովանեմ: Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք Հայաստանում, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա»:
Անջա Վեհլեռ-Շոկ. «Եկեք մի փոքր ավելի կենտրոնանանք Հարավային Կովկասի վրա: Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հիմքը, և մեկ տարուց քիչ առաջ, Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո ավելի քան 140.000 մարդ տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում: Ինչպե՞ս է Հայաստանը կարողացել ընդունել մարդկանց այս զանգվածային հոսքը»։
Արարատ Միրզոյան. «Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։ Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում»: