Հետևեք մեզ։

Պատկերի ուժը․ ԲԿՄԱ -ի պլանը հասավ թուրք-ադրբեջանական մեդիա․ հարցը ո՛չ հանճարեղ գրողն է, ո՛չ էլ այդ ֆանտաստիկ գործը

15:18, 05 հոկտեմբեր 2024
Պատկերի ուժը․ ԲԿՄԱ -ի պլանը հասավ թուրք-ադրբեջանական մեդիա․ հարցը ո՛չ հանճարեղ գրողն է, ո՛չ էլ այդ ֆանտաստիկ գործը

Հայաստանը սիմվոլների երկիր է դարձել վատ իմաստով․ ամենահիշվողներից մեկն Աննա Հակոբյանի շապիկն էր՝ Էյնշտեյնի պատկերով և գրությամբ․ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»: Դա այն օրերին էր, երբ Արցախում ողբերգական իրավիճակ էր, իսկ դրանից 100 օր անց Արցախում հայ չմնաց։

 

Ավելին, Աննա Հակոբյանի այդ հրապարակումից օրեր անց Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել էին գերեվարված ՀՀ ԶՈւ պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։ Ոսկանյանի հետ հանդիպման լուսանկարներում սեղանին դրված է Ալբերտ Էյնշտեյնի այն նույն գիրքը, որով լուսանկարվել էր Աննա Հակոբյանը։

Քննարկվե՞ց այստեղ, թե ինչ հանճարեղ մարդ է եղել Էյնշտեյնը, ո՛չ, որովհետև դա պարզ է, որովհետև հարցն այստեղ սիմվոլների մեսիջներն են, նույնականացումները և այլն, ոչ թե Էյնշտեյնը։

Հիմա․  ԲԿՄԱ (Բանակային Կենտրոնական Մարզական Ակումբ) - Ուրարտու ֆուտբոլային հանդիպման  ժամանակ ինչ-որ մի խաղարկության հաղթող է դարձել զինծառայող Արմեն Մարտիրոսյանը (զինծառայող լինելու փաստը ճշտվում է,-խմբ․)։

 
«Antares Media Holding հրատարակչությունն ու ԴԱՐԱՆ - ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութն Արմեն Ստեփանյանի համար պատրաստել են Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը»։ Շատ ճիշտ է արել Antares Media Holding-ն այդ գիրքը հրատարակելով։
 
Նշենք, որ գրքի հեղինակը քուրդ է, 4 տասնյակից ավելի վեպերի հեղինակ, PEN International-ի նախագահն է 2021-ից (վեց տարի ժամկետով):
 
Մեծանուն գրող է, «Քար և ստվեր» վեպում անդրադարձ ունի նաև հայերի մասին, Թուրքիայում ապրող համայնքների մասին պատմում է շիրմաքար պատրաստողի միջոցով։ Հանճարեղ գործ է։
 
Բայց, մեր հոդվածը բացարձակ գրքի բովանդակության և գրողի մասին չէ, մեր հոդվածն ինչ երևում է դրա մասին է՝ հայ զինվոր և «Ախ Ստամբուլ, Ստամբուլ»։ Էականն այն է, որ զինծառայողը, համազգեստը շահարկման առարկա են դառնում և կարծել, թե այդ մասին չեն մտածել, բացարձակ հավատալի չէ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։
 
Այլ մրցույթներ չկայի՞ն այդտեղ, կամ նույն գրողն այլ գիրք չէ՞ր գրել։ Ինչո՞ւ հայ զինվորին տալ այդ վերնագրով գիրք, կամ ինչու՞ հենց զինվորին տալ այդ գիրքը,  ի՞նչ հարց էր լուծելու Ստամբուլի ընդհատակում ծանր ճակատագրի արժանացած մարդկանց պատմությունների մասին գիրքը սահման պահող զինվորի համար (կրկնեմ՝ զինվոր լինելու փաստը ճշտվում է)։
 
Ինչո՞ւ լուսանկարել և զինվորի դեմքը հասցնել թուրք-ադրբեջական լրատվամիջոցներ (հղումները դիտավորյալ չեն կցվում)։ Այստեղ պետք չէ պարզաբանում գրել, որովհետև դա չափազանց պարզ պլանով է  արվել և չափազանց  հասկանալի նպատակով։ Նաև դուր գալու չափազանց մեծ դոզա կա այդ արարքի մեջ՝ իր վատ հետևանքներով։ Ի դեպ, երբ մադրը գիտի որ ազնիվ է, երբեք այդ մասին արարքը չի ջնջում, իսկ ԲԿՄԱ-ն ջնջել էր հրապարակումն ու անջատել հեռախոսը։ 
 
Թե ո՞րն է եղել դրա իրական նպատակը, ես հաստատ մեկ հիմնական կարծիք ունեմ, անողներն էլ գիտեն։ Բացատրելու կարիք բնավ չկա, ցանկացել են, արել են և հաստատ հետևանքը, իսկ իրենց տեսակետից՝ արդյունքը գիտակցել են։ Մնում է շնորհավորել ԲԿՄԱ-ին՝ հայ զինվորի նկարը հարևան երկրներ հասցնելու և նրանց մեկնաբանությանն արժանացնելու համար։ Լավ գրականության ու ակումբի PR-ն էլ՝ բոնուս։ 
 
Բայց, ուրախալի մեկ փաստ էլ կա այստեղ․ մարդկանց ռեակցիաները, արձագանքն այս ամենին։ Այո, այդ գիրքը բոլորը կարող են կարդալ, այո, պետք է իմանալ հարևանների լեզուն, պետո է ճանաչել ամեն ինչ ու ունենալ լայն մտածողություն, բայց ոչ հայներասիրության հաշվին։ Երևացող կադրը՝ զինվոր ու ախ, Ստամբուլ, պետք է արձագանք ստանար և ստացավ։
 
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը 2023-ին ««Սպորտային մաֆիա» ՀՀ–ում. ովքե՞ր են ֆուտբոլի միջոցով ազատվել բանակից» վերտառությամբ հրապարակում ուներ, որում գրում էր․ 
 
«Օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես 2019թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ–ում գրանցվելը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)։
Թերթը, որպես ուժային կառույցներին «օգնություն», ներկայացրել է ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, որոնք «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով`Արամ Քոլոզյան, Արսեն Գյուլամբարյան, Արման Քիշմիշյան, Վրեժ Մարտիրոսյան, Ստեփան Սահրադյան, Ռադիկ Սարգսյան, Պետրոս Մանուկյան, Մամիկոն Դերմենջյան, Արշակ Պողոսյան»։
 
Հետաքրքիր է՝ ուսումնասիրվեց գոնե հրապարակումը, իսկ գուցե ուժայիններին հիշեցում է պետք։