Հետևեք մեզ։

Անցակետով անցնելը նշանակում է ընդունել Ադրբեջանի խաղի կանոնները, Արցախից Գորիս կամ հակառակ ուղղությամբ անցուդարձ չպիտի լինի անցակետով․ արցախցի գրող, ազատամարտիկ (տեսանյութ)

17:05, 01 մայիս 2023

Արցախցի գրող, ազատամարտիկ, Հայաստանի գրողների միության անդամ Արիս Գրիգորյանը անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին եկել է Հայաստան, որ կնոջը ճանապարհի Ռուսաստանի Դաշնություն, հաջորդ օրը Լաչինի միջանցքը փակվել է, ու նա արդեն հինգ ամիս է՝ Երևանում է, չի կարողանում վերադառնալ իր հայրենի Ստեփանակերտ։

 

Hayastan.news-ի հետ զրույցում նա ասաց, որ զանգահարել է Թեժ գծին, գրանցվել, որ մյուս ճանապարհով հնարավորության դեպքում վերադառնան Արցախ, բայց այդ ճանապարհն էլ փակվեց, հիմա էլ Հակարի կամրջին այդ անցակետն են տեղադրել ադրբեջանցիները, ու ինքը այդպես էլ չի կարողացել վերադառնալ Ստեփանակերտ։

 

Մեր զրուցակիցն ասաց, որ տեսել է երեկվանից ադրբեջանական քարոզչամիջոցներով տարածված այն կադրերը, թե ինչպես են արցախիցները ցույց տալիս անձնագրերն ու անցնում, և կարծում է՝ այդ կադրերը ձևական են, նկարելու համար, որ ցույց տան, թե ինչ քաղաքավարի են վերաբերվում արցախցիներին։

 

«Բայց, ամեն դեպքում, անցակետ դնելը ոչ միայն սխալ է, անօրինական է, այլև դրա կարիքն ընդհանրապես չպիտի լիներ։ Այդ քաղաքացիները, որ անցան անցակետով, նրանք նախօրոք պայմանավորվել էին ռուս խաղաղապահների հետ, որ ոչ մի ստուգում չի լինելու։ Բայց հետդարձի ճանապարհին ադրբեջանցիները նորից իրենց թրքությունը ցույց տվեցին, որ պետք է անպայման ստուգեն։ Ընդհանրապես, անցակետով անցնելը նշանակում է նաև ընդունել իրենց խաղի կանոնները։ Արցախից Գորիս կամ հակառակ ուղղությամբ անցուդարձ չպիտի լինի անցակետով»,-ասաց մեր զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից ու որևէ կապ չեն ուզում ունենալ Արցախի հետ, իսկ Արցախի իշխանությունների ձեռքին էլ ոչ մի բան չկա, նրանք հայտարարություններ, կոչեր հղելուց բացի այլ բան չեն կարող անել, ուստի մնում միայն ժողովրդի անելիքը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ