Հետևեք մեզ։

Կապահովվի ՀՀ առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծման գործընթացը

14:01, 10 հոկտեմբեր 2024
Կապահովվի ՀՀ առանց մաքսատուրքի էլեկտրոմոբիլների ներմուծման գործընթացը

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԵՏՀ Խորհրդի 2023 թ. նոյեմբերի 24-ի որոշմանը համապատասխան՝ ՀՀ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով նախատեսված ներմուծման գործընթացն ապահովելու նպատակով։ Որոշմամբ առաջարկվում է ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։ Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության՝ 2024 թ. սեպտեմբերի 16-ի դրությամբ ձևակերպվել և բաց է թողնվել 6524 հատ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցներ, որոնցից 4658-ը ներմուծվել են ֆիզիկական անձանց կողմից (71.4 %), իսկ մնացած 1866-ը (28.6 %) իրավաբանական անձանց կողմից: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, այս որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախորդ տարիներին երբևէ 8000 էլեկտրոմոբիլի քվոտան չի սպառվել. «Տարիներ են եղել, որ նույնիսկ մի քանի տասնյակ մեքենա է ներմուծվել: Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը»:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում։ «Երկու կամ երեք տարի առաջ մենք որոշում կայացրեցինք և էլեկտրոմոբիլների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմանեցինք: Այսինքն՝ սովորաբար, այդ թվում՝ էլեկտրոմոբիլներ ներմուծելիս, քաղաքացին կամ իրավաբանական անձը պետք է վճարի և՛ ավելացված արժեքի հարկ՝ ձեռքբերման գնի 20 տոկոսի չափով, և՛ մաքսատուրք՝ ձեռքբերման գնի 15 տոկոսի չափով: Մենք կայացրեցինք որոշում, որ ավելացված արժեքի հարկ չենք գանձում էլեկտրոմոբիլների ներմուծման պարագայում: ԵԱՏՄ ֆորմատով սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիները, էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս, կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո, էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»,- ասել է վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով գլոբալ իմաստով Հայաստանը ևս մեկ լուրջ արտոնություն ունի. «Մենք այն քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում, ինչը բավականին լուրջ խթան է»։

Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ և՛ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում արդեն կան էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման կետեր այդ թվում՝ բենզալցակայաններում և գազալցակայաններում: