Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեխնիկական համագործակցության դեպարտամենտի Եվրոպայի բաժնի Հայաստանի Հանրապետության տեխնիկական համագործակցության ծրագրերի համակարգող Կարմինա Խիմենեսին՝ քննարկելու ԱԷՄԳ-ի հետ նախարարության համագործակցության ընթացքը։
Ողջունելով տիկին Խիմենեսին, նախարարն անդրադարձել է 2022 թվականի հանդիպման օրակարգին և դրա արդյունքում արդեն իսկ կյանքի կոչված պայմանավորվածություններին․
«Մեր նախորդ հանդիպումից գրեթե երկու տարի է անցել, բայց մենք հասցրել ենք մեծ ծավալի աշխատանք կատարել։ Ձեր այցելության ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ԱԷՄԳ-ի կողմից «Սնդիկի մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար» ծրագրի շրջանակներում կտրամադրվի սնդիկի և մեթիլսնդիկի անալիզատոր և նմուշառման սարքեր:Նշված սարքերն արդեն իսկ ստացվել են 2023-2024 թվականներին և ներկայումս սպասում ենք ԱԷՄԳ-ի փորձագետների այցին, որպեսզի նրանք տեղադրեն սարքերը և իրականացնեն համապատասխան ուսուցում՝ սարքերն անխափան շահագործելու համար: Ուզում եմ շնրհակալություն հայտնել այդ կարևոր սարքավորումների ձեռքբերման հարցում Ձեր աջակցության համար»,-նշել է նախարարը։
Նախարարը նաև անդրադարձել է ոլորտը կարգավորելու նպատակով իրականացված օրենսդրական աշխատանքներին․
«Թույլ տվեք տեղեկացնել, որ այս ընթացքում ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը, որը մինչ այդ չի եղել, որով ստեղծվել է սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը նպաստում է սնդիկի ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանմանը սնդիկի և սնդիկի միացությունների վնասակար ազդեցությունից: Ինչպես նաև՝ կանոնոկարգվել են Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման ընթացակարգերը։
Սահմանվել է սնդիկի հավելիչով ապրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։
Կարմինա Խիմենեսն իր հեթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ոլորտի կարգավորմանն ուղղված երկրի ջանքերի համար և նշել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ շրջակա միջավայրի ոլորտում Հայաստանի Հանրապետության համագործակցությունը նախադեպային է և որպես հաջողված համագործակցության օրինակ կարող է ներկայացվել այլ երկրների։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը կոնվենցիայի շրջանակում և դիտարկել նոր ծրագրերի ու միջոցառումների կյանքի կոչման հնարավորությունները։