Կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնված պետական ընկերության՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ) անվտանգության բաժնում աշխատել են մարդիկ, որոնք, ըստ էության, ոչ մի կապ չեն ունեցել անվտանգության ոլորտի հետ, բայց փոխարենը եղել են իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներ: Տարվա կտրվածքով այս անձանցից յուրաքանչյուրը միջինը մի քանի միլիոն դրամի եկամուտ է ստացել ԱՆԻՖ-ից, գրում է «Հետքը»։
«Բայց այսօր ԱՆԻՖ-ում չգիտեն, թե ինչ հիմքով են այս մարդկանց հետ աշխատանքային պայմանագրեր կնքվել ժամանակին՝ նախկին ղեկավարության օրոք:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ ստեղծված ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը: Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից: Ու հիմա նա դատարանում վիճարկում է իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը:
Այն, որ ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատել են իրավապահ համակարգի ղեկավար անձանց միանգամից մի քանի հարազատներ, մեծ ցանկության դեպքում էլ չես կարող պատահականություն համարել: Ուրեմն, ո՞րն է պատճառը կամ տրամաբանությունը: Ըստ «Հետքի» աղբյուրի՝ իրավապահների հարազատներին ԱՆԻՖ-ում բարձր աշխատավարձով գործի ընդունելու նպատակը եղել է հավանական «տհաճ իրավիճակներում» Ավինյանի եւ նրա շրջապատի մարդկանց «անձեռնմխելիության ապահովումը»:
Հիմա տեսնենք, թե ովքեր են եղել ԱՆԻՖ-ի անվտանգության աշխատակիցները, որոնք ունեն պաշտոնյա հարազատներ իրավապահ համակարգում: ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությունից «Հետքը» տեղեկացել է, որ նրանք բոլորն էլ եղել են հաստիքային աշխատողներ, բայց աշխատանքային պայմանագրերը լուծվել են այս տարի:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի պետը եղել է 39-ամյա Դավիթ Սարգսյանը, որն, ըստ իր ֆեյսբուքյան էջի, ավարտել է Ոստիկանության ակադեմիան (ներկայում՝ ՆԳՆ կրթահամալիր), մասնագիտությամբ իրավաբան է, 2020-ից ունի փաստաբանի արտոնագիր, մասնագիտացած է քրեական գործերում: Սարգսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ աշխատել է նաեւ Քննչական կոմիտեում:
Դավիթ Սարգսյանը Ապարան քաղաքից է: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ նա ՆԳՆ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի ազգականն է: Գնդապետ Սարգսյանը Ապարանի Ծաղկաշեն գյուղից է, 2023-ի մարտից ՃՈ պետն է:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի է անցել նաեւ Դավիթ Սարգսյանի քրոջ որդին՝ 28-ամյա ծաղկաշենցի Էդգար Սուքիասյանը: Վերջինս, իր ֆեյսբուքյան էջի համաձայն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, բայց հասկանալի է, որ ԱՆԻՖ-ում աշխատանքի անցնելու համար նրա մասնագիտությունը դեր չի խաղացել, առավել եւս, որ ոչ մի կապ չունի անվտանգության ոլորտի հետ: Սուքիասյանի սոցցանցային էջի տվյալներով՝ աշխատել է ՃՈ-ում, ՊԵԿ-ում, Կառավարությունում: Այս պարագայում հարց է, թե ինչպես է հասցրել զուգահեռաբար հաստիք զբաղեցնել ԱՆԻՖ-ում:
Էդգար Սուքիասյանի հայրը եւս ոստիկան է: Ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը 2017 թ.-ից ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետն է:
Որպես պաշտոնատար անձ՝ Ա. Սուքիասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրեր: 2021 թ. նրա տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ որդին անվտանգության բաժնի մասնագետ է աշխատում ԱՆԻՖ-ում: Հոր պաշտոնով պայմանավորված՝ Է. Սուքիասյանը եւս ներկայացրել է հայտարարագիր, բայց միայն մեկ անգամ: 2022-ին լրացված փաստաթղթում, որը ցույց է տալիս ԱՆԻՖ-ի աշխատակցի եկամուտները, գույքն ու ծախսերը 2021-ի ընթացքում, Էդգարը հայտարարագրել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ից ստացած մոտ 3 մլն դրամ աշխատավարձ (պարզ չէ, թե սա քանի ամսվա գումար է), ինչպես նաեւ այգեգործությունից ու մեղվապահությունից ստացած 1 մլն դրամ եկամուտ: Հետագա տարիների համար գնդապետ Սուքիասյանի որդին հայտարարագրեր չի ներկայացրել, քանի որ ամուսնանալուց եւ հայրական ընտանիքից առանձնանալուց հետո օրենքի իմաստով այլեւս չի համարվել պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, որը պարտավոր է հայտարարագիր լրացնել:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում աշխատել է նաեւ 23-ամյա Լարիսա Արիստակեսյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, մասնագիտությամբ լեզվաբան է: Փոխարենը նրա հայրը՝ ոստիկանության փոխգնդապետ Հովհաննես Արիստակեսյանը, 2020-2023 թթ. Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետն էր, իսկ 2023-ի մարտին նշանակվել է Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ավելին՝ նա հիմա մարզի ոստիկանապետի պաշտոնակատարն է: Արիստակեսյանները Արմավիր քաղաքից են:
Հ. Արիստակեսյանը եւս ներկայացնում է գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրեր: 2022-2024 թթ. իր հայտարարագրերում, որոնք վերաբերում են 2021-2023 թթ., փոխգնդապետը նշել է, որ դուստրն աշխատում է «Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում որպես կրտսեր մասնագետ: Լինելով պաշտոնատար անձի ընտանիքի անդամ՝ Լարիսա Արիստակեսյանը նույնպես լրացնում է հայտարարագրեր: 2022 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նա ԱՆԻՖ-ից ստացել է շուրջ 6,5 մլն դրամ աշխատավարձ, որը եթե բաժանենք 12 ամսի, կստացվի ամսական 540 հազ. դրամ: Հայաստանի պայմաններում երիտասարդի համար, որն ընդամենը 21 տարեկան է ու կրտսեր մասնագետ, սա, անշուշտ, բավական բարձր վարձատրություն է: Նույն փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լարիսան վարկով բնակարան է ձեռք բերել, եւ 2022-ի տարեվերջի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն դրամ: Ըստ 2023-ի տարեկան հայտարարագրի՝ Լ. Արիստակեսյանն այդ տարի ԱՆԻՖ-ից կրկին ստացել է մոտ 6,5 մլն դրամ աշխատավարձ: Հետաքրքիր է, սակայն, որ վարկի մասին տվյալներ այս անգամ փոխգնդապետի դուստրը չի լրացրել, ինչը հարցեր է առաջացնում, քանի որ ծախսերի հատվածում նա չի նշել, թե վարկի մարման համար այդ տարի որեւէ վճարում է կատարել, այսինքն՝ վարկը չի մարվել:
ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնի ավագ մասնագետ է եղել 29-ամյա Լուսինե Ջանոյանը, որն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը եւ, ըստ մեր տեղեկությունների, զբոսաշրջության ոլորտի մասնագետ է: Նրա ամուսինը՝ Հակոբ Պետրոսյանը, ներկայում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության պետն է: Մինչ այդ Պետրոսյանը եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ:
2021 եւ 2022 թթ. հայտարարագրերում (լրացրել է 2022 եւ 2023 թթ.), երբ դեռ քննիչ էր, Հ. Պետրոսյանը նշել է, որ կինը չի աշխատում: Հատկանշական է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում բացակայում է ԱԱԾ աշխատակցի 2023 թ. տարեկան հայտարարագիրը, որը նա պետք է ներկայացներ մինչեւ այս տարվա մայիսի 31-ը: Այդտեղ պետք է երեւար Լուսինե Ջանոյանի՝ ԱՆԻՖ-ի աշխատակից լինելը: Վերջինս իր հերթին միայն 2021 թ. տարեկան հայտարարագիր է լրացրել, որում եկամուտների բաժինը դատարկ է: Բայց ինչպես վերեւում նշեցինք, ԱՆԻՖ-ից հաստատել են, որ Ջանոյանն իրենց հաստիքային աշխատողն է եղել, ու նրա հետ պայմանագիրը լուծվել է այս տարի:
Պետական ընկերության անվտանգության բաժնում որպես ավագ մասնագետ աշխատել է նաեւ 27-ամյա Անուշ Մեյրոյանը, որն, ըստ մեր տեղեկությունների, մասնագիտությամբ հոգեբան է: Մեյրոյանների ընտանիքը ներգրավված է տարբեր տեսակի հագուստի արտադրության ու ձկնաբուծության մեջ: Ընտանեկան բիզնեսի գլխավոր գործող անձը Ա. Մեյրոյանի հայրն է՝ գործարար Դավիթ Մեյրոյանը:
Ընթերցողը գուցե հարցնի, թե այդ դեպքում ինչ կապ ունի Անուշը իրավապահ պաշտոնյաների հետ: Ուղիղ կապ: Նա ԱԱԾ գնդապետ Միքայել Համբարձումյանի հարսն է: Համբարձումյանը 1998-2020 թթ. ծառայել է ազգային անվտանգության համակարգում, մասնավորապես՝ 2020-ի օգոստոսին նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ, իսկ նույն տարվա հոկտեմբերին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար: Այս երկու պաշտոններից ազատվել է 2020 թ. նոյեմբերին: 2021-ին ստացել է փաստաբանի արտոնագիր»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։